Աբխազիայի փոխնախագահ Բադրա Գունբան ստանձնել է հանրապետության նախագահի պարտականությունները, ըստ Интерфакс-ի՝ հայտնել են Աբխազիայի ղեկավարի տեղեկատվական կենտրոնից։

«Հանրապետության նախագահ Ասլան Բժանիայի հրաժարականի մասին Ժողովրդական ժողովի որոշման կապակցությամբ և Աբխազիայի Սահմանադրությանը համապատասխան, ես սկսեցի իրականացնել Աբխազիայի Հանրապետության Նախագահի լիազորություններն ու պարտականությունները։ Ես հանձնարարականներ եմ տվել բոլոր ղեկավարներին և կառավարական մարմիններին՝ իրենց գործառույթներն իրականացնել Աբխազիայի օրենսդրությանը համապատասխան՝ պետության գործունեությունը պահպանելու և ապահովելու համար»,- ասել է նա։

Նոյեմբերի 19-ին Աբխազիայի խորհրդարանը արտահերթ նիստում ընդունել է տարածաշրջանի նախագահ Ասլան Բժանիայի հրաժարականը։ Բժանիան նախագահի պաշտոնից հրաժարական տալու դիմում է ներկայացրել նախորդ գիշեր Աբխազիայի պաշտպանության նախարարությունում հանրապետության ղեկավարության և ընդդիմության առաջնորդների մասնակցությամբ տեղի ունեցած շուրջօրյա բանակցությունների արդյունքում։ Կողմերը պայմանավորվել են, որ նախագահի պարտականությունները մինչև նոր ընտրությունները կկատարի փոխնախագահ Գունբան։

Ըստ կողմերի պայմանավորվածության՝ վարչապետ Ալեքսանդր Անկվաբը նույնպես պետք է հրաժարական տա։ Նրա փոխարեն կնշանակվի խորհրդարանի նախկին նախագահ Վալերի Բգանբուն։ Ըստ պայմանավորվածության՝ գործող բոլոր նախարարները կպաշտոնավարեն մինչև նորընտիր նախագահը կստանձնի իր պարտականությունները։

«Աբխազիայում նախագահական ընտրությունների օրը կնշանակի հանրապետության խորհրդարանը, հավանաբար արդեն հաջորդ շաբաթ՝ հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ խորհրդակցություններից հետո»,- Интерфакс-ին հայտնել է Ժողովրդական ժողովի պատգամավոր Լևոն Գալուստյանը։