Թբիլիսիում նոր խորհրդարանական ընտրությունների պահանջով բողոքի ցույցը երեքշաբթի երեկոյան վերադարձել է իր սկզբնական տեղը՝ Ճավճավաձեի պողոտայում՝ Թբիլիսիի պետհամալսարանի գլխավոր մասնաշենքի դիմաց, հայտնում է «Новости-Грузия»-ն։

Վրաններն ու ձայնային սարքավորումները կրկին բերվել են այն տարածք, որտեղից այսօր առավոտյան ոստիկանները դուրս են մղել ցուցարարներին։

«Աղմաշենեբելիի ռազմավարության» առաջնորդ Գեորգի Վաշաձեն դժգոհել է, որ ուժայինները տարածքը մաքրելիս «գողացել են» իրենց տեխնիկան և պահանջել ամեն ինչ վերադարձնել։

Այժմ բողոքի ակցիայի վայրում ավելի շատ մարդ է հավաքվել, քան ցույցը ցրելուց առաջ:

«Սա հաղթանակ է»,- X- ի իր միկրոբլոգում «Դրոա»-ի հիմնադիր Էլենե Խոստարիան նման կերպ է մեկնաբանել բազմամարդ ակցիայի լուսանկարը։

Ընդդիմադիրները հավաքվածներին կոչ են անում հնարավորինս երկար մնալ հանրահավաքում։ Առայժմ ոչ ոք մտադիր չէ լքել տարածքը։