Հայաստանում անհրաժեշտ է արգելել էներգետիկ ըմպելիքների վաճառքը 18-ից ցածր տարիքի անձանց։ Այս մասին Ազգային ժողովում, տնտեսական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում, «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում եւ կից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ, նոյեմբերի 27-ին հայտնել է կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը։
Ինչպես նշել է հիմնական զեկուցողը, առաջարկվող փոփոխություններն ուղղված են մինչեւ 18 տարեկան անձանց առողջության պաշտպանությանը եւ էներգետիկ ըմպելիքների բացասական ազդեցության ռիսկերի նվազեցմանը։ «Առողջապահության նախարարության տվյալներով՝ էներգետիկ ընպելիքներ օգտագործում է դեռահասների մոտ 40 տոկոսը։ Չնայած այդ ըմպելիքների ազդեցությունը առողջության վրա մինչեւ վերջ ուսումնասիրված չէ, դրանց մշտական օգտագործումը բացասական հետեւանքներ է ունենում։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հանձնարարականների համաձայն՝ այդ ըմպելիքները չպետք է գովազդվեն երեխաների համար։ Որոշ երկրներ արդեն սահմանափակել են էներգետիկ ըմպելիքների վաճառքն ու գովազդը, եւ մենք նույնպես պետք է ընդունենք համապատասխան միջոցներ»,- ասել է Ղազարյանը։
Նախագիծը, մասնավորապես, առաջարկում է արգելել էներգետիկ ըմպելիքների վաճառքը մինչեւ 18 տարեկան անձանց։ Բացի այդ, առաջարկվում է արգելել նման ըմպելիքների իրացումը ավտոմատ սարքերով, որոնք նախատեսված են այս կամ այն արտադրանքը մատուցելու համար։ «Անհրաժեշտ է նաեւ սահմանափակել էներգետիկ ըմպելիքների գովազդի հնարավորությունը։ Անհրաժեշտ է վարչական պատասխանատվություն սահմանել վերոնշյալ պահանջների խախտման համար»,- ընդգծել է խորհրդարանականը։
Պատգամավորի խոսքով՝ ներկայացված օրինագծերի փաթեթը վերաբերում է ոչ միայն էներգետիկ ըմպելիքներին, այլեւ լրացնում է առկա օրենսդրական բացը ալկոհոլային ըմպելիքների վաճառքի հարցում։
Ղազարյանը բացատրել է, որ գործող օրենսդրությամբ սահմանված է վարչական պատասխանատվություն ալկոհոլային ըմպելիքների վաճառքի համար մինչեւ 18 տարեկան անձանց, սակայն «Առեւտրի եւի ծառայությունների մասին» օրենքում սահմանված չէ անչափահասներին ալկոհոլ վաճառելու արգելք։
«Նախագիծը քննարկվել է նաեւ կառավարությունում։ Դրա ընդունումը կնպաստի դեռահասների առողջության պաշտպանությանը, ինչպես նաեւ կապահովի համապատասխանությունը միջազգային փորձին»,- ասել է պատգամավորը։
Որոշ քննարկումներից հետո օրինագծերի փաթեթն արժանացել է խորհրդարանական մշտական հանձնաժողովի հավանությանը։




























