ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալությունը (UNHCR) այս շաբաթ երկու մահացու նավաբեկությունից հետո մտահոգություն է հայտնել ներգաղթյալների մահվան դեպքերի աճի կապակցությամբ, որոնք փորձում են Թուրքիայից փոքր նավերով ծովով հասնել Հունաստան, գրում է Associated Press-ը։
ՄԱԿ փախստականների հարցերով գործակալությունն ուրբաթ տարածած հաղորդագրությունում ասվում է, որ այս ամիս նման դժբախտ պատահարների հետևանքով զոհվել է 17 մարդ, իսկ այս տարի զոհերի ընդհանուր թիվը առնվազն 45 մարդ է կազմում:
Հունվարի 1-ից շուրջ 56 հազար մարդ անօրինական մուտք է գործել Հունաստան՝ հիմնականում ծովային ճանապարհով։ Սա հինգ տարվա ամենաբարձր ցուցանիշն է, և այդ թիվն արդեն գերազանցել է կառավարության հոկտեմբեր ամսվա հաշվարկները, ըստ որոնց մինչև տարեվերջ պետք է մոտ 50 հազար մարդ ժամաներ:
ՄԱԿ փախստականների հարցերով գործակալությունը Հունաստանի ներկայացուցիչ Մարիա Կլարա Մարտինը հայտարարել է, որ ներգաղթյալների մահվան դեպքերը «ընդգծում են հակամարտությունից, հետապնդումներից, բռնություններից կամ մարդու իրավունքների ոտնահարումներից փախած մարդկանց համար երկարաժամկետ և ավելի ապահով և վստահելի այլընտրանքների ստեղծման հրատապ անհրաժեշտությունը»:
«Ծովում կորցրած կյանքերի հաշվումը չի կարող ընդհանուր կանոն դառնալ. մենք չպետք է ընտելանանք դրան»,-նշել է նա:
ՄԱԿ-ի գործակալությունը հայտնել է, որ մայրը կորցրել է իր երեք երեխաներին, իսկ մեկ այլ փրկված՝ կնոջն ու դստերը այս շաբաթ երկու մահացու վթարի հետևանքով, որը տեղի է ունեցել Էգեյան ծովի արևելյան Սամոս կղզու՝ Թուրքիայի ափերի մոտ:





























