2011 թվականն այնքան էլ հաջող չդասավորվեց Հայաստանի ըմբշիշների համար: Ճիշտ է, նրանք պաշտոնական մրցումներում նվաճեցին 6 մեդալ, սակայն դրանցից 5-ը բաժին ընկավ Եվրոպայի առաջնությանը: Իսկ աշխարհի առաջնությունում, որտեղ մեդալներից բացի խաղարկվեցին նաեւ 2012 թվականի օլիմպիական խաղերի ուղեգրերի առյուծի բաժինը, մեդալ նվաճեց միայն հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը: Նրանից բացի Լոնդոնում հանդես գալու իրավունք նվաճեց նաեւ ազատ ոճային Միհրան Ջաբուրյանը:

Ամփոփելով մրցաշրջան-2011-ի արդյունքները,  Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Հրանտ Ենոքյանը News.am-ի թղթակցին ասաց, որ Հայաստանի հավաքականները չկատարեցին իրենց առջեւ դրած խնդիրը. «Այս տարի մենք հիմնական շեշտը դրել էինք օլիմպիական խաղերի ուղեգրեր նվաճելու վրա: Ավաղ, մեր ըմբիշները վատ հանդես եկան տարվա միակ վարկանիշային մրցաշարում` Թուրքիայում կայացած աշխարհի առաջնությունում: Հատկապես անսպասելի էին Եվրոպայի չեմպիոններ Ռոման Ամոյանի եւ Յուրի Պատրիկեեւի անհաջողությունները»:

Ըստ Հրանտ Ենոքյանի` մեր ըմբիշներն այդ մրցումներում իրենց մրցակիցներին հիմնականում պարտվել են տակտիկապես. «Մեր մարզիկներն իրենց պատրաստականությամբ չէին զիջում մրցակիցներին, սակայն սխալ մարտավարության պատճառով, կարելի է ասել, ձեռքից բաց էին թողնում հաղթանակները»:

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահին առավել շատ մտահոգում է մեր երիտասարդ եւ պատանի ազատ ոճայինների ելույթները:

«Մեր երիտասարդ եւ պատանի հունահռոմեական ըմբիշները շատ լավ հանդես եկան, աշխարհի առաջնությունում երկու ոսկե մեդալ նվաճեցին: Բայց ահա ազատ ոճայինները ընդհանրապես մրցանակ չնվաճեցին, ինչը խորհելու տեղիք է տալիս, քանի որ մեր ազգային հավաքականում պատահական մարդիկ չեն հայտնվում եւ հենց նրանցով պետք է համալրենք թիմի կազմը»,- նշեց Հրանտ Ենոքյանը: