Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ անվտանգությունը, էներգետիկան և մրցունակությունը լինելու են իր երկրի առաջնահերթությունները 2025 թվականի առաջին կեսին Եվրամիությունում առաջիկա նախագահության ընթացքում, հայտնում է Associated Press-ը։

Տուսկը նշել է, որ Եվրոպան պետք է ավելի «եսասեր» լինի և արտաքին մրցակցության պայմաններում ավելի շատ ներքին համերաշխություն ցուցաբերի: Նա հինգշաբթի Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի և խորհրդարանի տարբեր քաղաքական խմբերի առաջնորդների հետ բանակցություններից հետո անդրադարձել է նախագահության կարևորագույն իրադարձությունների թեմային, որոնք, ըստ նրա, պետք է «բեկումնային» լինեն ԵՄ-ի համար:

Լեհաստանի վարչապետն ընդգծել է, որ Լեհաստանի նախագահությունը մեկնարկում է աշխարհաքաղաքական մարտահրավերների «բարդ» և «կրիտիկական» պահին, ինչպիսին են պատերազմը հարևան Ուկրաինայում, առաջիկա նախագահական ընտրությունները մեկ այլ հարևան երկրում՝ Բելառուսում, ինչպես նաև հակամարտություններն ու լարվածությունը աշխարհի շատ մասերում, և քաղաքական ճգնաժամերը եվրոպական որոշ խոշորագույն երկրներում։

Նա նշել է, որ Բելառուսի հետ սահմանը ներգաղթյալների ճնշումից պաշտպանելու Լեհաստանի վճռականությունը ավելի ու ավելի է լայն աջակցություն է ստանում, և սահմանների պաշտպանության անհրաժեշտությունը դառնում է ընդհանուր մոտեցում ամբողջ Եվրոպայում:

Գարնանը նախագահական ընտրություններ կանցկացվեն նաև Լեհաստանում։ Ամսաթիվը դեռ հայտնի չէ։