Լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման առաջնորդ շեյխ Նաիմ Քասեմը հեռուստաուղերձի ժամանակ խոստացել է աջակցել Սիրիային ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում, հայտնում է Al Mayadeen-ը։

Նա հայտարարել է, որ Սիրիայի դեմ ագրեսիան «խրախուսել են Միացյալ Նահանգներն ու Իսրայելը Գազայում նրանց անզորությունից և Սիրիան շրջափակելու փորձերի ձախողումից հետո»:

«Մենք՝ «Հըզբոլլահ»-ի անդամներս, կաջակցենք Սիրիային նրա դեմ ագրեսիան կանխելու համար»,-ասել է Շեյխ Քասեմը։

«Իմացեք, որ Իսրայելի յուրաքանչյուր հաղթանակ կորուստ է ձեզ համար, ոչ միայն Պաղեստինի, Սիրիայի և Լիբանանի համար, և դա հետևանքներ կունենա ձեր երկրների համար»,-արաբական երկրներին ուղղված ուղերձում նշել է լիբանանյան շարժման առաջնորդը:

Նա հավելել է, որ ահաբեկչական խմբավորումները «մտադիր են Սիրիային համոզել Դիմադրության դիրքից անցում կատարել դեպի Իսրայելի օկուպացիային ծառայող դիրք»:

«Ներկայում մենք բախվում ենք Մերձավոր Արևելքի դեմ իսրայելական խիստ վտանգավոր նախագծին»,- հավելել է «Հըզբոլլահ» շարժման առաջնորդը։