Կրասնոդարի երկրամասի պատգամավորները թելեգրամյան ալիքում հեշթեգ են բացել՝ Ռամզան Կադիրովին կոչ անելով ներողություն խնդրել Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինից։ Չեչնիայի ղեկավարի հայտարարություններից առաջինն իր վրդովմունքն է հայտնել Կուբանի մունիցիպալ պատգամավոր Սերգեյ Կուսմակովը։ Թելեգրամյան իր ալիքում նա ընդգծել է, որ անընդունելի է համարում Կադիրովի կողմից Քննչական կոմիտեի ղեկավարին «տեղը մատնանշելը»։

«Մենք ոչ ոքի թույլ չենք տա այսպես վարվել մեր դյուցազուն Բաստրիկինի հետ»,-հայտարարել է Կուսմակովը՝ իր հրապարակումն ուղեկցելով #КадыровИзвинись հեշթեգով։

Նրա դիրքորոշումը պաշտպանել է Կրասնոդարի երկրամասի օրենսդիր ժողովի պատգամավոր Սերգեյ Կլիմովը, որը ևս հանդես է եկել ի պաշտպանություն Քննչական կոմիտեի ղեկավարի։ «Մենք թույլ չենք տա, որ Բաստրիկինը վիրավորվի»,- գրել է Կլիմովը՝ ավելացնելով նույն հեշթեգը։

Ավելի վաղ Ռամզան Կադիրովը կոշտ քննադատության էր ենթարկել Ալեքսանդր Բաստրիկինին և ՆԳՆ ղեկավար Վլադիմիր Կոլոկոլցևին՝ հայտարարելով, որ նրանք «իրենց տեղում» չեն և չեն կարողանում կատարել նախագահի առաջադրած խնդիրները։ Ըստ Կադիրովի՝ Վլադիմիր Պուտինի անվտանգության հիմնական ուժերը պատասխանատու են ներգաթյալների նկատմամբ կոշտ վերաբերմունքի և այլ երկրների հետ Ռուսաստանի հարաբերությունների վատթարացման համար, ինչպիսին են Ուկրաինան և Վրաստանը։

Չեչնիայի ղեկավարի դժգոհության պատճառը չեչեն դեռահաս Մուսլիմ Մուրդիևի դեմ հարուցված քրեական գործն էր։ Մոսկվայի Քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչությունը նրան մեղադրանք է առաջադրել չորս կետով, այդ թվում՝ հասարակական կարգի կոպիտ խախտում՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ բռնություն գործադրելով։ Մուրդիևը յոթ ամիս տնային կալանքի տակ է և դիմել է Կադիրովին՝ իր իրավական խնդիրները լուծելու համար։

Կրեմլը նախընտրել է ձեռնպահ մնալ այս իրավիճակի վերաբերյալ մեկնաբանություններից։ Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ եթե «որևէ մեկն անհրաժեշտ համարի գնահատական ​​տալ, ​​կտա»։