Իրաքի իշխանությունները Սիրիայում ճգնաժամի առնչությամբ մի քանի որոշում են ընդունել, այդ թվում՝ ռազմական մասնակցություն չունենալ հարևան երկրում տեղի ունեցող իրադարձություններին։ Դրա մասին հայտարարել է Իրաքի Ներկայացուցիչների խորհրդի (Խորհրդարանի) անվտանգության և պաշտպանության կոմիտեի անդամ Յասեր Իսկանդերը։
«Իրաքի դաշնային կառավարությունը երեք ռազմավարական որոշում է ընդունել, այն է՝ իրաքյան իշխանությունները ռազմական միջամտություն չեն ցուցաբերի սիրիական գործերին, իրաքյան ուժեր չեն ուղարկի Սիրիա և Իրաքից դուրս որևէ [ռազմական] միջոց չեն ձեռնարկի»,- նշել է Իսկանդերը, որի խոսքերը մեջբերել է Baghdad Today լրատվական պորտալը։
Խորհրդարանական հանձնաժողովի անդամը, սակայն, նշել է, որ Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները սպառնալիքի աղբյուր են Մերձավոր Արևելքի և ամբողջ աշխարհի համար, հատկապես հաշվի առնելով Սիրիայի տարածքում ահաբեկչական կազմակերպությունների միջազգային ցուցակում ընդգրկված ծայրահեղական խմբավորումների առկայությունը։
Ըստ Իսկանդերի՝ Սիրիան կանգնած է մեծ փոփոխությունների շեմին, հատկապես հաշվի առնելով կառավարական [սիրիական] բանակի շարքերում կրած ծանր կորուստները։ Նա հույս է հայտնել, որ հարևան երկրում ճգնաժամը կավարտվի առանց վնասելու խաղաղ բնակչությանը և չի հանգեցնի սահմանակից երկրներ բազմաթիվ մարդկանց տեղահանմանը։




























