Վրաստանի Դմանիսի շրջանում Բաշպլեմի լճի մոտ հայտնաբերված անհայտ լեզվով մակագրությունը գիտնականները դեռ պետք է վերծանեն։ Աղյուսը վերաբերում է ուշ բրոնզե դարին կամ վաղ երկաթե դարին՝ մ.թ.ա. առաջին հազարամյակին։

Հետազոտությունը հրապարակվել է Journal of Ancient History and Archaeology-ում։

Աղյուսը պարունակում է 60 առանձին խորհրդանշաններ, որոնցից 39-ը նման չեն ոչ մի հայտնի գրության։ Այդ խորհրդանշանները գտնվում են յոթ հորիզոնական գծերի վրա, գրել է Planet Today-ը։

Գրերի այս համակարգը, ենթադրվում է, կարող է կրոնական բնույթի լինել, շինարարական նախագծի կամ ռազմական գույքի վերաբերել։

Հնագույն մարդիկ այն գրելու համար առաջավոր տեխնոլոգիաներ են կիրառել՝ բազալտի վրա փորագրություն անելով։ Մակագրությունը մասամբ հիշեցնում է հին գրի համակարգ, որը հիշեցնում է վաղ վրացական այբուբենը եւ մինչքրիստոնեական գիրը։ Որոշ խորհրդանշաններ նման են մերձավորարեւելյաններին։

Այս համակագը բարդացնում է Կովկասի մշակութային պատմությունը։ Հին հեղինակները, ինչպիսին է Ապոլոն Հռոդոսացին, հիշատակում են «ոսկեգիրը» Կոլխիդայում, բայց ոչ մի համոզիչ ապացույց չեն ներկայացնում։ Այս հայտնագործությունը ենթադրում է, որ Կովկասում բրոնզե դարում կարող էին գոյություն ունենալ նաեւ գրի այլ համակարգեր արարողակարգային կամ վարչական նպատակների համար։

Վերլուծությունը հաստատել է, որ նյութը վավերական է. բազալտը համապատասխանում է տեղի երկրաբանությանը։

Դմանիսը հայտնի է իր հնագիտական արժեքավորությամբ, մարդկային մնացորդներով, որոնք մոտ 1,8 մլն տարվա պատմություն ունեն։ Բայց այդ հայտնագործությունը կիզակետը տեղափոխում է ֆիզիկական անթրոպոլոգիայից դեպի պոտենցիալ նորարարական գրի համակարգ, որը կարող էր բացահայտել մշակույթի, կրոնի եւ սոցիալական կառույցների գաղտնիքները։