ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը NBC News-ին տված հարցազրույցում ասել է, որ պաշտոնավարման առաջին օրն ակնկալում է ներում շնորհել 2021 թվականի հունվարի 6-ին Կապիտոլիումի վրա հարձակմանը մասնակցած իր կողմնակիցներին՝ հայտարարելով, որ բանտարկյալները «դժոխքում են ապրում»:

Նա ասել է նաև, որ չի փորձելու Արդարադատության նախարարությանը հրահրել իր քաղաքական հակառակորդների դեմ՝ միաժամանակ զգուշացնելով, որ հունվարի 6-ի իրադարձությունները հետաքննող Ներկայացուցիչների պալատի որոշ անդամներ «պետք է բանտ նստեն»:

Թրամփը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր առաջին օրը իրավական օգնություն կցուցաբերի հունվարի 6-ի անկարգությունների մասնակիցներին, որոնք, ըստ նրա, անցել են «շատ տհաճ համակարգով»:

«Ես պատրաստվում եմ շատ արագ գործել: Առաջին իսկ օրը», - ասել է Թրամփը՝ ավելի ուշ անդրադառնալով նրանց կալանքին. «Նրանք այնտեղ են արդեն երկար ժամանակ և գտնվում են կեղտոտ, զզվելի վայրում, որն անգամ չպետք է թույլատրվեր բացել»:

Միևնույն ժամանակ, ԱՄՆ նորընտիր նախագահն ասել է, որ ներման դեպքում «կարող են լինել որոշ բացառություններ», «եթե ինչ-որ մեկը արմատական ​​կամ խելագար է»:

Առնվազն 1572 մարդու մեղադրանք է առաջադրվել, իսկ ավելի քան 1251 մարդ դատապարտվել կամ մեղավոր է ճանաչվել հարձակման համար: Նրանցից առնվազն 645-ը դատապարտվել են մի քանի օրից մինչև 22 տարվա բանտարկության: Ներկայումս կալանքի տակ է գտնվում մոտ 250 մարդ, որոնց մեծ մասը պատիժ է կրում դատավճռից հետո։