Իսրայելի ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդը հայտարարել է, որ երկիրը պետք է Սիրիայի «բարդ» իրավիճակին «զգուշավորությամբ և պատասխանատվությամբ» մոտենա և զգուշացրել է իսրայելցի պաշտոնյաներին խուսափել «անհարկի հայտարարություններից, որոնք կարող են Սիրիայի նոր կառավարությանը այլ ուղի տանել», հաղորդում է Times of Israel-ը:

Նա պարզաբանել է, որ աջակցում է սիրիական սահմանի երկայնքով իսրայելական բուֆերային գոտու ընդլայնմանը «մինչև իրավիճակն ավելի պարզ դառնա»՝ միաժամանակ նշելով, որ այդ ընթացքում «Իսրայելը պետք է աշխատի իրանական առանցքի դեմ տարածաշրջանային կոալիցիա ստեղծելու ուղղությամբ»։

Ավելի վաղ իսրայելական բանակը հայտարարել էր, որ նոր դիրքեր է գրավել օկուպացված Գոլանի բարձունքներում։

Անցյալ շաբաթավերջին, սիրիական իշխանությունների դեմ թուրքամետ ուժերի հարձակման ֆոնին, իսրայելական բանակը հայտարարել էր, որ լրացուցիչ ուժեր է ուղարկել Գոլանի բարձունքներ:

Օսմանյան կայսրության օրոք Գոլանի բարձունքները եղել են Պաղեստինի վիլայեթի կազմում, որից հետո ընդգրկվել են Լիբանանում գտնվող Սիրիայի ֆրանսիական մանդատի մեջ։

1944-1967 թթ․-ին Գոլանի բարձունքները դարձել են Սիրիայի մի մասը։ Ավելի ուշ՝ 1967 թվականի 6-օրյա պատերազմի ժամանակ, Գոլանի բարձունքների երկու երրորդը գրավեց Իսրայելը։ Իսրայելը պաշտոնապես միացրել է Գոլանի բարձունքների այս հատվածը 1981 թվականին, սակայն այն  Իսրայելի տարածք է ճանաչում միայն Միացյալ Նահանգները։