Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ Ռուսաստանը 200 միլիարդ դոլար է ծախսել 2022 թվականին Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման մեկնարկից ի վեր: Այս մասին նա ասել է Կալիֆորնիայում Ռոնալդ Ռեյգանի ազգային անվտանգության ֆորումում:

Մեկնաբանելով Ռուսաստանի հետ պատերազմում Ուկրաինային ցուցաբերվող օգնությունը՝ Օսթինը նշել է այն գինը, որը Ռուսաստանի Դաշնությունը վճարել է Կրեմլի ղեկավար Վլադիմիր Պուտինի «անիմաստության» համար։

Նրա խոսքով, 2022 թվականի փետրվարից Ռուսաստանը տվել է առնվազն 700 հազար զոհ և կորցրել ավելի քան 200 միլիարդ դոլար։

«Ռուսաստանն ապշեցուցիչ գին է վճարել Պուտինի անիմաստության համար։ 2022 թվականի փետրվարից Ռուսաստանը տվել է առնվազն 700 հազար զոհ։ Այն կորցրել է ավելի քան 200 միլիարդ դոլար»,- նշել է նա։

Պենտագոնի ղեկավարն ընդգծել է, որ վերջին ամիսների ընթացքում Ռուսաստանը օրական ունենում է մոտ 1000 զոհ։

«Եվ Պուտինի կողմից ընտրված պատերազմի առաջին տարում Ռուսաստանի կորուստները, թվում է, ավելի մեծ են, քան Մոսկվայի կորուստները Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր իր բոլոր հակամարտություններում միասին վերցրած», - ընդգծել է նա:

Օսթինը նշել է ՆԱՏՕ-ի ձեռքբերումներն այս ընթացքում և ընդգծել, որ Դաշինքը շարունակում է «հստակ գիտակցել, որ Պուտինի պատերազմը ոչ թե ՆԱՏՕ-ի ընդլայնման արդյունքն էր, այլ ՆԱՏՕ-ի ընդլայնման պատճառ»: