Ուկրաինայի զինված ուժերը գերի են վերցրել առաջին հյուսիսկորեացի զինվորին, ով կռվել է Ռուսաստանի կողմում, Yonhap-ին հայտնել են Հարավային Կորեայի Ազգային հետախուզական ծառայությունից։ «Բարեկամ երկրի հետախուզական կազմակերպության հետ իրական ժամանակում տեղեկատվության փոխանակման շնորհիվ հաստատվել է վիրավոր հյուսիսկորեացի զինվորի գերեվարումը»,- նշել են գերատեսչությունում։

Միևնույն ժամանակ, հարավկորեական հետախուզությունը դեռևս տեղեկություն չունի այն մասին, թե կոնկրետ որտեղ է գերեվարվել զինվորականը, ճշտել է Սեուլում AFP-ի աղբյուրը։ Ուկրաինական Militarny հրատարակության տվյալներով՝ գերությունը տեղի է ունեցել Կուրսկի շրջանում։ Պաշտոնապես Ուկրաինայի իշխանություններն ու Ուկրաինայի զինված ուժերը չեն մեկնաբանել այս տեղեկությունը։ Մինչ այս Ուկրաինայի զինված ուժերի զինվորներին հրամայվել է փաստաթղթերով գերել առնվազն մեկ հյուսիսկորեացի զինվորի, հայտնել են ուկրաինական բանակում BBC-ի զրուցակիցները։ Նրանց խոսքով՝ զինվորականներին դրա համար պարգեւներ են խոստացել, այդ թվում՝ լրացուցիչ արձակուրդ։

Սակայն, ինչպես ասել է «Ալեքս» կանչի նշանով Ուկրաինայի Զինված ուժերի լեյտենանտը, ԿԺԴՀ-ի զինվորներին գերելը բարդ խնդիր է ստացվել, քանի որ նրանք «հիմարորեն ծրագրված են մեկանգամյա առաջադրանքի համար»։ «[Նրանք] ինչ-որ պահի իսկապես խելագար մարդիկ են, որոնց առջեւ խնդիր է դրված՝ մեռնել, բայց ավարտին հասցնել»,- պարզաբանել է ուկրաինացի զինծառայողը։

Ուկրաինայի իշխանությունները հոկտեմբերին հայտարարեցին, որ ԿԺԴՀ-ն իր զինվորներին ուղարկել է Ռուսաստան։ Այդ տեղեկությունն այնուհետ հաստատել են հարավկորեական հետախուզությունն ու Պենտագոնը։ Ուկրաինայի և նրա արևմտյան գործընկերների գնահատականներով՝ ԿԺԴՀ-ն Ռուսաստան է ուղարկել առնվազն 10 հազար զինվորական։ Հյուսիսային Կորեայի զինվորների և Ուկրաինայի զինված ուժերի միջև առաջին մարտերը տեղի են ունեցել նոյեմբերի սկզբին Կուրսկի շրջանում, որի մի մասը ուկրաինական բանակը գրավել և պահում է օգոստոսից, գրում է New York Times-ը։