Երեք կին է մահացել այսօր՝ նոյեմբերի 13-ին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով՝ Դաղստանի Կարաբուդախքենդսկի շրջանի Գուբդեն բնակավայրի գերեզմանոցում:

Ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունի զոհերը, ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Քննչական կոմիտեին, ոստիկանության տարածքային բաժնի նախկին պետ Աբդուլմալիք Մագոմեդովի այրին՝ Ելենա Տրիֆտոնիդին է, նրանց դուստրը՝ Գյուլբարիատ Մագոմեդովան եւ քույրը՝ Ումուխանում Խիզրիեւան:

Պայթուցիկ սարքն աշխատել է այն պահին, երբ զինյալների կողմից սպանված ոստիկանի հարազատները հավաքվել էին շիրմի մոտ՝ հարգելու հիշատակը:

Դեպքի վայրում այս պահին աշխատում են ականազերծողներն ու օպերատիվ-հետաքննչական խումբը, որոնք փորձում են պարզել պայթուցիկի տեսակն ու հզորությունը: