ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը առաջարկել է ԱՄՆ կառավարությանն ավելացնել նախկինում ծրագրված տարեկան պաշտպանական ծախսերը 50 մլրդ դոլարով՝ առաջիկա մի քանի տարիներին երկրի պաշտպանական բյուջեն հասցնելով ավելի քան 1 տրլն դոլարի: Պենտագոնի ղեկավարը առաջարկությունները ներկայացրել է Սպիտակ տան կառավարման եւ բյուջեի գրասենյակին ուղղված նամակում, որը հայտնվել է Bloomberg-ի տրամադրության տակ։
Փաստաթղթի համաձայն՝ Օսթինը ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի առաջիկա վարչակազմին պաշտպանական ծախսերն ավելացնելու հնգամյա ծրագիր է առաջարկում։ 2026 ֆինանսական տարում նա նպատակահարմար է համարում պաշտպանական կարիքների համար հատկացնել 926,5 մլրդ դոլար՝ նախկինում ծրագրված 876,8 մլրդ դոլարի փոխարեն։ Պլանը ենթադրում է պաշտպանական ծախսերի հետեւողական աճ, որը 2027 ֆինանսական տարում պետք է գերազանցի 1 տրլն դոլարը, թեեւ ավելի վաղ այս ժամանակահատվածում նախատեսվում էր այդ նպատակների համար ծախսել 913,5 մլրդ դոլար։
Ինչպես նշել է գործակալությունը, Օսթինը հստակ չի փաստարկել պաշտպանության ծախսերն ավելացնելու նպատակը։ Պաշտպանության գերատեսչության ղեկավարը միայն մատնանշել է ազգային պաշտպանության ռազմավարության իրականացման անհրաժեշտությունը, մասնավորապես, դրա դրույթները՝ կապված Չինաստանին դիմակայելու եւ դաշինքների ամրապնդման հետ։ Նշվել է նաեւ, որ Պենտագոնի ղեկավարի ծրագիրը չի ներառում լրացուցիչ ֆինանսավորում Ուկրաինային եւ Իսրայելին տրամադրված զենքերը փոխարինելու համար։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դեկտեմբերին հաստատել է 2025 ֆինանսական տարվա (սկսվել է հոկտեմբերի 1-ին) երկրի պաշտպանական բյուջեն 895 մլրդ դոլարի չափով։





























