Երկուշաբթի օրը Եվրահանձնաժողովը հերքել է լուրերն այն մասին, թե փորձել է թաքցնել իր նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի առողջության կարգավիճակը այն բանից հետո, երբ վերջինս հոսպիտալացվել էր ծանր թոքաբորբով՝ հաղորդում է Associated Press-ը:
66-ամյա ֆոն դեր Լեյենը ԵՄ-ի ամենաականավոր քաղաքական գործիչն է: Սեպտեմբերին նա վերընտրվել է Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում երկրորդ հնգամյա ժամկետով։
Հունվարի 3-ին Եվրահանձնաժողովը հայտարարեց, որ ֆոն դեր Լեյենը հիվանդացել է «ծանր թոքաբորբով», և որ առաջիկա երկու շաբաթվա նրա հանդիպումները չեղարկվել են։
Նրա վիճակի կամ հիվանդանալու մասին մանրամասներ չեն հաղորդվել, սակայն գերմանական dpa լրատվական գործակալությունը ավելի ուշ հայտնել է, որ նա հոսպիտալացվել է: Սա հարցեր է առաջացրել ԵՄ ազդեցիկ գործադիր իշխանության թափանցիկության վերաբերյալ: Լրագրողների այն հարցին, թե ինչու է թաքցվել նրա հոսպիտալացման մասին լուրը, Եվրահանձնաժողովի խոսնակ Պաուլա Պինյուն պատասխանել է. «Մենք ասել ենք, որ նախագահը ծանր թոքաբորբ է ունեցել։ Մենք ասել ենք, որ նա ծանր հիվանդությամբ գտնվել է գերմանական Հանովեր քաղաքի իր տանը»:
Պինյուի խոսքով՝ լրատվամիջոցները տեղեկացվել են, որ ֆոն դեր Լեյենը չեղարկել է իր հանդիպումները հունվարի սկզբին, սակայն ընդունել է կարևոր հեռախոսազանգեր, այդ թվում՝ Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ, և կարողացել է զբաղվել Եվրահանձնաժողովի գործերով։
«Ահա թե ինչու ենք մենք ձեզ հայտնել նախագահի առողջության մասին ամենակարևոր տեղեկությունը՝ ասելով, թե ինչ հիվանդություն ուներ նա և որքանով էր այն լուրջ,- ասել է Պինյուն՝ պատասխանելով մի քանի լրագրողների հարցերին՝ չբացատրելով, թե ինչու են թաքցվել հիվանդանոցի մասին մանրամասները։- Նրա գործելու կարողությունը երբեք հարցականի տակ չի դրվել»:
Ֆոն դեր Լեյենը հիվանդանոցում անցկացրել է ութ օր՝ հունվարի 2-ից 10-ը։ Պինյուն ասել է, որ Եվրահանձնաժողովի ղեկավարը «ապաքինվում է» և այս շաբաթվա վերջին պետք է վերադառնա Բրյուսել՝ Եվրահանձնաժողովի իր գրասենյակ, որտեղ նա փոքր բնակարան ունի:
Եվրահանձնաժողովը հերքել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենի առողջական վիճակը թաքցնելու փորձերի մասին լուրերը

Թեմա
Տեղադրություն




























