ԱՄՆ Կոնգրեսի հանրապետականները օրինագիծ են պատրաստել, որը թույլ կտա ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո բանակցություններ սկսել Գրենլանդիայի գնման շուրջ։ Այս մասին հայտնել է Reuters-ը, որը ձեռք է բերել փաստաթղթի պատճենը։

Նրա տվյալներով՝ օրինագիծը կոչվել է Make Greenland Great Again Act՝ Գրենլանդիան կրկին մեծացնել ակտ, Թրամփի գլխավոր քաղաքական կարգախոսի` «Ամերիկան ​​դարձնենք մեծ»-ի անալոգիայով: Փաստաթուղթը հեղինակել են Ներկայացուցիչների պալատի անդամներ Էնդի Օգլսը եւ Դիանա Հարշբարգերը (երկուսն էլ Թենեսիից), եւ հունվարի 13-ի առավոտվա դրությամբ 10 օրենսդիրներ աջակցել են դրան:

Ինչպես տեղեկացրել է Reuters-ը, օրինագիծը պարունակում է կետ, ըստ որի՝ Թրամփը հունվարի 20-ին պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո հնարավորություն կունենա «բանակցությունների մեջ մտնել Դանիայի Թագավորության հետ՝ Գրենլանդիան ձեռք բերելու նպատակով»։

Բացի այդ, օրինագծի համաձայն, Թրամփը, եթե Դանիայի հետ համաձայնություն ձեռք բերվի, պետք է հինգ օրվա ընթացքում «համաձայնագիրը, ինչպես նաեւ հարակից բոլոր նյութերն ու լրացումները» փոխանցի Կոնգրեսի համապատասխան կոմիտեներին։