Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսով զրուցել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հայտնել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակը։
«Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նորընտիր նախագահ Թրամփին՝ [Գազայում պահվող] պատանդների ազատ արձակմանը նպաստելու եւ Իսրայելին օգնելու համար, նա օգնել է վերջ տալ տասնյակ պատանդների եւ նրանց ընտանիքների տառապանքներին։ Վարչապետը հստակ հայտնել է, որ հավատարիմ է բոլոր առեւանգվածներին վերադարձնելուն ցանկացած միջոցներով, եւ ողջունել է Թրամփի հայտարարություններն այն մասին, որ Միացյալ Նահանգները կաշխատի Իսրայելի հետ՝ երաշխավորելու, որ Գազան այլեւս երբեք ապաստան չի լինի ահաբեկչության համար»,- նշվել է նրա հայտարարությունում:
Կողմերը նաեւ պայմանավորվել են «շուտով» հանդիպել Վաշինգտոնում՝ քննարկելու Գազայի շուրջ ստեղծված իրավիճակը «եւ այլ կարեւոր հարցեր»,- ավելացրել է գրասենյակը:
Դրանից հետո Նեթանյահուն զանգահարել է ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենին եւ «նաեւ շնորհակալություն է հայտնել նրան պատանդների գործարքին աջակցելու համար»,- նշել են նրա գրասենյակում:





























