Նոյեմբերի 13-ի գիշերը Լյուբերցի քաղաքում զինված հարձակում է իրականացվել Հայաստանի քաղաքացու վրա, ով հյուրընկալվել էր Մոսկվայի իր հարազատներին։ Ծանր վիճակում նա կարողացել է մինչեւ տուն հասնել։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին հայ-ռուսական երիտասարդական միության մամուլի ծառայությունից։

Աղբյուրի համաձայն՝ վիրավորն անմիջապես հոսպիտալացվել է։ Այժմ նա գտնվում է Մոսկվայի №36 հիվանդանոցում։ Բժշկական ստուգման ժամանակ պարզվել է, որ տուժածը մեջքին դանակի ութ հարված է ստացել, որոնցից չորսը՝ թափանցող մինչեւ թոքը, երկուսը գլխին՝ հրազենով։ Հարազատների խոսքով, այն ամենը, ինչ կարողացել է բացատրել տուժածը, այն է, որ իր վրա հարձակում են գործել սլավոնական արտաքինով 3 մարդ՝ հավանաբար ազգայնական դրդապատճառներից ելնելով։ Հիվանդի վիճակը ծանր է, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար: