ՀԱԿ ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանը չի կարծում, որ 2011թվականը թեժ քաղաքական տարի էր, քանի որ «մի կողմն ասում է, իսկ մյուսը` չի լսում ու իր գործն է անում»: Այս մասին այսօր` դեկտեմբերի 19-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում նշեց ՀԱԿ ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանը:
Այդուհանդերձ, նա նշեց, որ ՀԱԿ-ը 2011-ին ձեռքբերումներ է ունեցել, թվարկելով դրանք. «Ընդդիմությունը ճանաչվեց ժողովրդի կողմից եւ շատ շատերը հույսը կապում են ՀԱԿ-ի հետ: Ինչ վերաբերում է առարկայական նվաճումներին, ապա եթե նախկինում արգելվում էր Ազատության հրապարակ մտնելը, այդ արգելքը հանվեց, բազմաթիվ համակիրներ նստած էին բանտերում` ազատ արձակվեցին եւ այլն եւ այլն»:
Թեեւ խորհրդարանական ընտրություններին մի քանի ամիս է մնացել, Ֆ. Խաչատրյանը պնդեց, որ ճիշտ կլինի անցկացնել արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների, որը ոչ թե ձեւ է, այլ գնահատական ներկա իշխանությունների աշխատանքին:
Անդրադառնալով նոր ընտրական օրենսգրքին, նա ասաց, որ այն 2 նպատակ է հետապնդել. առաջին ԿԸՀ-ի համար ստեղծել կոռուպցիայի լայն հնարավորություն եւ ընտրությունների կեղծման համար լրացուցիչ պայմաններ:
Բանավեճի մյուս բանախոս, ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանը նկատեց, որ Վենետիկի հանձնաժողովն իր հավանությունն է տվել այդ ընտրական օրենսգրքին: Ավելին, նա համոզմունք հայտնեց, որ այս ընտրությունները տարբերվելու են բոլոր նախորդ համապետական ընտրություններից: «Սերժ Սարգսյանը ունի այդ քաղաքական կամքը, ինչին եւ միջազգային հանրությունը, եւ հայ ժողովուրդը ականատես կլինեն»,- ավելացրեց Համլետ Հարությունյանը:
Ի դեպ, Ընտրական օրենսգրքի քննարկման ժամանակ Ֆելիքս Խաչատրյանի եւ Համլետ Հարությունյանի բանավեճն այնքան թեժացավ, որ Համլետ Հարությունյանը հայտարարեց, որ այդ ակումբից էլ հրավեր չի ընդունի, որովհետեւ չգիտեր, որ ընտրական օրենսգրքից պետք է խոսեր, իսկ եթե իմանար կպատրաստվեր: Ավելին` նույնիսկ չի իմացել, որ ասուլիսին հրավիրված է նաեւ Ֆելիքս Խատչատրյանը:




























