Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը այցելել է Հայաստանի Ճարտարապետների Միություն`  հանդիպել միության անդամների հետ:

Կարեւորելով կառույցի նշանակությունը քաղաքաշինության  ոլորտում, քաղաքապետը համոզմունք է հայտնել, որ այսուհետ էլ քաղաքապետարանի եւ ճարտարապետների միության համագործակցության եւ համատեղ աշխատանքի արդյունքում լուծումներ կգտնեն բազմաթիվ խնդիրներ, քանի որ նպատակն ի վերջո Երեւանին ու երեւանցիներին  ծառայելն է:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ քնդրադառնալով մայրաքաղաքում իրականացվող քաղաքաշինական նախագծերին, Տարոն Մարգարյանը  ընդգծել է, որ դրանց վերաբերյալ քաղաքապետին կից քաղաքաշինության խորհուրդը, որի կազմում ընդգրկված են ճարտարապետների միության շատ անդամներ,  պետք է լսի  նաեւ հասարակության կարծիքը. «Առաջիկայում կվերանայվի քաղաքաշինության խորհրդի կազմը, ուր ճարտարապետներից ու նեղ մասնագետներից բացի նախատեսում ենք ընդգրկել հասարակական ակտիվ շերտերի, այդ թվում նաեւ բնապահպանների, երիտասարդական կառույցների   եւ ոլորտի հետ առնչվող այլ կազմակերպությունների ներկայացուցիչների, որպեսզի հաշվի առնվեն բոլորի կարծիքները: Մեր մայրաքաղաքը պետք է միասին կառուցենք» ,- նշել է Տարոն Մարգարյանը:

Խոսելով մայրաքաղաքի կառուցապատման մասին, Տարոն Մարգարյանը նշել է, որ նախատեսվում է բոլոր խոշոր քաղաքաշինական նախագծերը եւ այս ուղղությամբ կատարվող ներդրումները, Կենտրոնից եւ փոքր Կենտրոնից տեղափոխել այլ վարչական շրջաններ` այդպիսով իսկ ոչ միայն կթեթեւանա կառուցապատման ծանրաբեռնվածությունը, այլեւ կապահովվի քաղաքի համաչափ զարգացումը:

Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, միության անդամների անունից պատրաստակամություն է հայտնել շարունակել համագործակցությունը Երեւանի քաղաքապետարանի հետ եւ մասնագիտական գիտելիքներով հնարավորին նպաստել մայրաքաղաքի ճարտարապետական ուրույն դիմագծի կերտմանը:

Ընդգծելով  ճարտարապետների պատասխանատվության աստիճանը հասարակության առջեւ, ճարտարապետների միության անդամները նշել են, որ իրենց բնագավառում սխալվել չի կարելի, այլապես հետեւանքները անդառնալի կլինեն:

«Մենք ժառանգել ենք շատ լավ քաղաք եւ պարտավոր ենք այն հասցնել սերունդներին: Մեր կրեդոն լինելու է քաղաքապետարանին աջակցելը եւ մեր քաղաքին ծառայելը», - նշել է Մկրտիչ Մինասյանը:

Տարոն Մարգարյանը լսել է նաեւ ճարտարապետների միության  անդամների մտահոգություններն ու բարձրացրած հարցերը օրենսդրության մեջ տեղ գտած բացերի, ճարտարապետական ժառանգության պահպանման,  ճարտարապետական մշակութային միջավայրի կառավարման վերաբերյալ: