Վարչապետ Բենիամին Նաթանյահուն երեկ անվտանգության հարցով խորհրդակցութան ժամանակ իր համաձայնությունը չի տվել Գազայի հատված  քարավանների և ծանր տեխնիկայի մուտքի համար, հաղորդում է Kan հանրային հեռարձակողը։

«Վարչապետի գլխավորությամբ անցկացված անվտանգության հարցով խորհրդակցությունից հետո որոշվել է, որ քարավանների հարցը կքննարկվի առաջիկա օրերին։ Իսրայելը լիովին համակարգում է իր գործողությունները Միացյալ Նահանգների հետ»,- պարբերականին է հայտնել է Իսրայելի իշխանությունների ներկայացուցիչը։

Մինչդեռ հրադադարի և պատանդների ազատ արձակման համաձայնագրում հստակ ասվում է, որ առնվազն 60․000 ժամանակավոր կացարաններ ստեղծելու համար Գազա կարող են առաքվել մատակարարման իրեր և սարքավորումներ:

Լուսանկարներ են հրապարակվել, որոնցում երևում է, որ շարժական տները և հողափոր տեխնիկան սպասում են Ռաֆահ սահմանային անցակետի Եգիպտոսի կողմում:

Անցյալ շաբաթ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը բողոքել էր, որ Իսրայելն արգելափակում է դրանց մուտքը և հայտարարել, որ հրադադարի և պատանդներին ազատելու բանակցությունները ներառում էին մի շարք կոնկրետ հարցերի, այդ թվում՝ տների և սարքավորումների շուրջ քննարկումներ: Երեկ ՀԱՄԱՍ-ն ազատ է արձակել երեք պատանդի։

Իսրայելի վարչապետի՝ Գազայի հատված սարքավորումների մուտքը մերժելը պայմանավորված է նրանով, որ Նաթանյահուն ցանկանում է երկարաձգել գործարքի ընթացիկ առաջին փուլը 42 օրով, որն ավարտվում է մարտի 1-ին, և ապահովել առաջին փուլում ավելի մեծ թվով պատանդների ազատությունը, գրում է Times of Israel-ը:

Ըստ 12-րդ ալիքի, վարչապետը ցանկանում է, որ իսրայելցի բանակցողները՝ ԱՄՆ-ի աջակցությամբ, փոխանցեն Քաթարի և Եգիպտոսի միջնորդներին, որ առաջին փուլի երկարաձգումը բխում է նաև ՀԱՄԱՍ-ի շահերից, քանի որ դա կապահովի, որ հրադադարի համաձայնագրի ներկա փուլն ավելի երկար պահպանվի:

Նաթանյահուն հրաժարվել է թույլ տալ իսրայելցի բանակցողներին մասնակցել համաձայնագրի երկրորդ փուլի շուրջ բանակցություններին, որով նախատեսվում է ազատել մնացած պատանդներին՝ պատերազմի վերջնական ավարտի դիմաց: