Ավարտվել են «ՏաԹեւեր» ճոպանուղու շահագործման աշնանային ռեժիմից ձմեռայինին անցման աշխատանքները եւ ճոպանուղին ս/թ դեկտեմբերի 20-ից իրականացնում է կանոնավոր ուղեւորափոխադրումներ: Այս մասին տեղեկացնում է ճոպանուղու տնօրեն Տիգրան Ղազարյանը:
Վերջին շաբաթվա ընթացքում ճոպանուղու շահագործման ռեժիմների փոփոխության ժամանակ ճոպանուղու կառավարման էլեկտրոնային եւ մեխանիկական համակարգերը հարմարացվել են Սյունիքի մարզի ձմեռային եղանակային պայմաններին (քամիներ, օդի հարաբերական խոնավություն եւ այլն):
Նշված ժամանակահատվածում շվեյցարական Գարավենտա-Դոպելմայեր ընկերության մասնագետների կողմից իրականացվել է նաեւ ճոպանուղու տարեկան տեխնիկական զննման եւ սպասարկման աշխատանքներ եւ նշվել, որ «ՏաԹեւեր» ճոպանուղին գտնվում է գերազանց տեխնիկական սարքին վիճակում եւ պատրաստ է առաջիկա տարիներին շարունակել անվտանգ ուղեւորափոխադրումներ իրականացնել:
«ՏաԹեւեր» ճոպանուղին ձմեռային ռեժիմում ուղեւորափոխադրումներ կիրականացնի մինչեւ դեկտեմբերի 29-ը, 10:30-17:30 աշխատանքային ժամային գրաֆիկով: Այնուհետեւ, Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, ճոպանուղին ուղեւորափոխադրումներ կիրականացնի 2012 թ. հունվարի 5-ին եւ 6-ին, որից հետո հունվար եւ փետրվար ամիսների ընթացքում ՏաԹեւեր-ը 11:00 – 17:00 աշխատանքային ժամային գրաֆիկով կաշխատի միայն շաբաթ եւ կիրակի օրերին:




























