Երեւանում, այսօր` դեկտեմբերի  21-ին, բացվեց ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության Ավանի անձնագրային ծառայության հիմնանորոգված շենքը: Բացման արարողությանը ներկա էին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը, բարձրաստիճան սպաներ, հյուրեր:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ անձնագրային ծառայությունում քաղաքացիների սպասարկումն առավել քաղաքակիրթ, արդյունավետ եւ թափանցիկ   իրականացնելու համար այսօր ստեղծվել են բոլոր  նախապայմանները:

Նախկինում ծառայությունում  գործում էր ԱՎՎ համակարգչային ցանցին միացված 2 համակարգիչ. վերանորոգումից հետո հատկացվել է  եւս  4  համակարգիչ: Նախկինում անձնագրավարները գործառույթներն իրականացնում էին ըստ իրենց կողմից սպասարկվող տարածքների, ներկայումս  ծառայություն դիմած  քաղաքացիները սպասարկվելու են  ըստ իրենց անհրաժեշտ ծառայությունների` ավելի   արագ եւ առանց ավելորդ քաշքշուկների:

Տեղադրվել է անձնագրային ծառայությունների մատուցման համար նախատեսված պետական տուրքերը, վարչական տուգանքները եւ այլ վճարներն ընդունող էլեկտրոնային  վճարային տերմինալ, ինչի շնորհիվ քաղաքացիների սպասարկումը  զգալիորեն արագացել է: Ծառայությունում  գործում  է  նաեւ լոկալ  ջեռուցման համակարգ:

Շենքի նորոգման եւ տեխնիկական վերազինման աշխատանքներն իրականացվել են ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության  արտաբյուջետային միջոցների հաշվին` առանց պետական բյուջեի միջոցների ներգրավման:

Ընդհանուր  ծավալով ծախսերը կազմել են  13.005,0 հազար դրամ, այդ թվում՝ շիննորոգման  աշխատանքներ` 11.445,0  հազար դրամ, համակարգչային տեխնիկա`  728,0 հազար դրամ, գույք`  832,0 հազար դրամ:

2012 թ. ընթացքում արտաբյուջետային միջոցների հաշվին նախատեսվում է իրականացնել անձնագրային եւ վիզաների վարչության Մասիսի անձնագրային բաժանմունքի նոր մասնաշենքի կապիտալ շինարարության աշխատանքները: