Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր` դեկտեմբերի 21-ին, Կոտայքի, Արագածոտնի եւ Արմավիրի մարզերում ծանոթացել է Ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրով նախատեսված աշխատանքների մեկնարկին: NEWS.am-ին ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնեցին, որ Կոտայքի մարզում փոխվարչապետն այցելել է Արզնի-Շամիրամի 1-ին հերթի ջրանցքի վերականգնման հատված: Ծրագրով նախատեսվում է վերականգնել 3,5 կմ: Արագածոտնի մարզում Ա. Գեւորգյանը եղել է Արզնի-Շամիրամի 2-ին հերթի ջրանցքի տարածքում, որտեղ կվերականգնվի մոտ 5,5 կմ: Ստորին Հրազդան մայր ջրանցքի ներկա վիճակին եւ նախատեսվող աշխատանքներին փոխվարչապետը ծանոթացել է Արմավիրի մարզում: Ընդհանուր առմամբ կվերանորոգվի Ստորին Հրազդան ջրանցքի 5,3 կմ հատված: Այցի շրջանակում փոխվարչապետն Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ եղել է նաեւ Էջմիածնի վարչական տարածքում գտնվող «Բիգա» եւ «Ամստեր ֆլաուերս» ընկերություններում:
Նշենք, որ ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկի աջակցությամբ ու ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ եւ, ըստ էության, «Ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ ծրագրի» առաջին մասի շարունակությունն է:
Այս ծրագրով նախատեսվում է մոտ 50 կմ երկարությամբ մայր եւ միջտնտեսային (գլխավոր) ջրանցքների վերանորոգում Արագածոտնի, Կոտայքի, Շիրակի, Լոռու, Արարատի եւ Արմավիրի մարզերում, եւ մոտ 63կմ երկարությամբ ներտնտեսային ոռոգման ցանցի ջրանցքների նորոգում Լոռու, Շիրակի, Գեղարքունիքի եւ Արմավիրի մարզերում: Ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման ընդհանուր արժեքը 21,6 մլն դոլար է, այն նախատեսվում է ավարտել 2013թ. հունիսին:




























