Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան հաջորդ շաբաթ բարձր մակարդակով շփումներ կանցկացնի սիրիական նոր վարչակազմի ներկայացուցիչների հետ։ Նա մանրամասներ չի հայտնել։ Նախարարը «շատ դրական» է որակել հունվարին ռուսական պատվիրակության Դամասկոս կատարած այցի արդյունքները։

«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Դամասկոսում գործող վարչակազմի ղեկավարի զրույցին նախորդել է միջգերատեսչական պատվիրակության այցը՝ Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրներում ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովի գլխավորությամբ։

Ուղևորությունն անցկացվել է հեռախոսազրույցից մի քանի օր առաջ։ «Կարծում եմ, որ դրա արդյունքները շատ դրական են»,-ըստ «Коммерсант»-ի՝ ասել է Սերգեյ Լավրովը:

«Հաջորդ շաբաթ մենք ծրագրել ենք հետագա բարձր մակարդակի շփումներ սիրիացի մեր գործընկերների հետ»,- հավելել է նախարարը։