Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում, այսօր` դեկտեմբերի 22-ին,տեղի է ունեցել «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամի շնորհանդեսը:

Հիմնադրամը ստեղծվել է հայրենի պատմության եւ ճարտարապետության գոնե որոշ բացառիկ հուշարձանները կյանքի կոչելու համար: Հիմնադրամի նպատակն է Հայաստանի տարածքում գտնվող պատմաճարտարապետական գլուխգործոցների վերականգնումը ՀՀ մշակույթի նախարարության նախագծերով եւ վերահսկմամբ, Հայ Առաքելական եկեղեցու հավանության ներքո:

Հիմնադրամն անվանակոչված է վաղ միջնադարի բարեհամբավ կաթողիկոսներից մեկի` Հովհաննես Իմաստասեր Օձնեցիի անունով (VII դար): Հիմնադրամի ստեղծման նախաձեռնողը Ռուսաստանում բնակվող Մովսես Վարազդատի Ձավարյանն է, գործարար, որի արմատները սկիզբ են առնում Օձունից:

Իր բարեգործական աշխատանքի ընթացքում հիմնադրամը մտադիր է իրականացնել մի շարք ծրագրեր: Այսօրվա դրությամբ դրանցից հիմնականը Լոռիի մարզի Օձուն գյուղում Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցու վերածնունդն է:

ՀՌՀ ռեկտոր եւ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Արմեն Դարբինյանը նշել է, որ այս կազմակերպությունը մի քանի կարեւորագույն խորհուրդ ունի իր մեջ: «Առաջինը` նվիրումի խորհուրդն է: Ես չեմ սիրում բարերար, նվիրատվություն հասկացողությունները: Եթե կարող ես նվիրվել, փորձիր չնվիրել: Սա ամբողջապես նվիրելու եւ նվիրվելու հղում է: Երկրորդը` պատասխանատվության խորհուրդն է` հայրենիքի, ազգի, հողի նկատմամբ: Իսկ երրորդը, կարծում եմ, սերունդների միջեւ կապի հարցն է: Մենք մի ազգ ենք, որն ունի հնադարյան պատմություն, եւ մենք հպարտանում ենք նրա բոլոր էջերով: Բայց մենք շատ հաճախ ականատես ենք լինում նրան, որ հին պատմությունը դառնում է ծեր եւ հին ազգը կարող է վերածվել ծեր ազգի: Պատմությունը պետք է հիմք հանդիսանա առաջընդացի, պրոգրեսի համար»,-ասել է նա:

«Ուրախ եմ, որ մեր հասարակության մեջ կան մարդիք, որոնց հուզում է ազգային մշակույթի վերածնունդը: Ուզում եմ հավատալ, որ Օձունի վերականգնումին կհաջորդեն այլ բարեգործական ծրագրեր», - նշել է ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը: