ԱՄՆ եւ Հորդանանի գիտնականների միջազգային խումբը հայտնաբերել է, որ պատերազմների հետեւանքով առաջացած սթրեսն ու բռնությունը կարող են հետքեր թողնել մարդու գեներում եւ փոխանցվել սերունդներին: Հետազոտությունը հրապարակվել է Scientific Reports (SciRep) գիտական ամսագրում։
Թիմն առաջին անգամ մարդկանց մոտ հայտնաբերել է երեւույթ, որն ավելի վաղ հայտնի էր միայն կենդանիների մոտ. սթրեսի էպիգենետիկ փոխանցում ծնողից երեխային։
Մասնագետների եզրահանգումները հիմնված են սիրիական ընտանիքների երեք սերունդների գենոմների ուսումնասիրության վրա, որոնք ենթարկվել են Համայի պաշարմանը Սիրիայում 1982թ. քաղաքացիական պատերազմի ժամանակ։
Հետազոտողներն ուսումնասիրել են սիրիական ընտանիքների երեք սերունդ՝ տատիկներին, մայրերին եւ նրանց երեխաներին: Համայի պաշարման ժամանակ հղի կանանց թոռների մոտ հայտնաբերվել է գենոմի 14 էպիգենետիկ փոփոխություն: Սթրեսից առաջացած այս փոփոխությունները փոխանցվել են սերնդեսերունդ, թեեւ թոռներն իրենք երբեք նման բռնության չեն ենթարկվել:
Բացի այդ, 21 էպիգենետիկ փոփոխություններ են հայտնաբերվել այն մարդկանց մոտ, որոնք ունեցել են բռնության անմիջական փորձ: Գիտնականները նաեւ պարզել են, որ նրանք, ովքեր ներարգանդային կյանքում սթրեսի են ենթարկվել, ցույց են տվել արագացված կենսաբանական ծերացման նշաններ, ինչը կարող է մեծացնել տարիքային հիվանդությունների ռիսկը:
Թեեւ այս էպիգենետիկ փոփոխությունների ճշգրիտ ազդեցությունն առողջության վրա պարզ չէ, նախորդ ուսումնասիրությունները նման փոփոխությունները կապում էին այնպիսի հիվանդությունների ռիսկի հետ, ինչպիսին են դիաբետը եւ ճարպակալումը: Օրինակ, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սովից փրկված հոլանդացիների ժառանգների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նրանց մոտ ավելի հավանական է եղել ավելորդ քաշ ունենալը:
Չնայած պատերազմի ծանր հետեւանքներին՝ հետազոտողները նաեւ նշել են սիրիական ընտանիքների անհավանական տոկունությունը, որոնք կարողացել են վերադառնալ ամենօրյա կյանքին եւ պահպանել ավանդությունները։





























