Վանաձորի «Պրիզ» տաքսի ծառայության վրա օրերս կատարված զինված հարձակումը չափազանց անհանգստացնող է, քանի որ տեւական ժամանակ, հրազենի գործադրմամբ հանցագործության այսպիսի դեպք մարզում չէր գրանցվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Լոռիի մարզի գլխավոր դատախազ Կարեն Շահբազյանը:

Հիշեցնենք, որ այս տարվա  դեկտեմբերի 12-ի, ժամը 23:55-ին Վանաձոր քաղաքի Դեմիրճյան փողոցում գտնվող «Պրիզ» տաքսի ծառայության շենքի մոտ անհայտ անձի կողմից կատարված կրակոցներից ոտքերի շրջանում հրազենային վնասվածքներ էին ստացել Վանաձոր քաղաքի բնակիչներ Գարիկ Մուրադյանը, Մարտիրոս Ավետիսյանը եւ Արսեն Գեւորգյանը: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Դատախազ Կարեն Շահբազյանը նշեց, որ ձեւավորվել է օպերատիվ-քննչական խումբ, որին օգնում են նաեւ  Հայաստանի ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչությունը եւ Կազմակերպված հանցավորությունների դեմ պայքարի վարչությունը: Առաջ են քաշվում բազմաթիվ վարկածներ, որոնց մեջ ներառվում են նաեւ մեղադրվող ու տուժող կողմերի միջեւ անձնական ու գործնական հարաբերությունները եւս, նախաքննական գաղտնիությունից ելնելով սակայն, Կարեն Շահբազյանը չցանկացավ պարզաբանել վարկածների բնույթը, բայց շեշտեց, որ կատարվում են  մեծ ծավալի աշխատանքներ: Նշենք, որ այս գործով ձերբակալվածներ դեռեւս չկան:

Լոռիի մարզի գլխավոր դատախազ Կարեն Շահբազյանն անդրադարձավ նաեւ այս ամիս Վանաձորում գրանցված «Էլիտար» տաքսի ծառայության մեքենաներից մեկի վարորդի վրա կատարված ավազակային հարձակմանը, ասելով, որ հարձակում կատարած անձն արդեն ձերբակալված է: