Հայկական դեղագործական ընկերությունների մեծ մասը պատրաստ է 2013 թ. հունվարի 1-ից անցնելու GMP ստանդարտների (պատշաճ արտադրական գործունեության կանոններ): Այդ մասին այսօր` դեկտեմբերի 23-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը: Նրա տեղեկացմամբ` այս պահի դրությամբ առողջապահության նախարարությունը դեղարտադրողներից դիմումներ չունի GMP ստանդարտների ներդրումը հետաձգելու համար, ընդհակառակը` ընկերությունների մի մասը ցանկանում է GMP սերտիֆիկատներ ստանալ ավելի վաղ:
Ըստ Ս. Քրմոյանի`2014 թ. հունվարի 1-ին Հայաստանը պաշտոնապես կդիմի Եվրամիությանը` GMP ստանդարտների հայաստանյան սերտիֆիկատները ճանաչելու համար:
Նշենք, որ GMP սերտիֆիկատը երաշխիք է, որ դեղը որակյալ է եւ արտադրվել է պատշաճ պայմաններում:
Այն հարցին, թե ի՞նչ է լինելու այն ընկերությունների հետ, որոնք մինչեւ 2013 թ. հունվարի 1-ը չեն հասցնի համապատասխանել GMP ստանդարտներին, Ս. Քրմոյանը պատասխանեց, որ դա կքննարկեն 2012 թ. երկրորդ կիսամյակում: Եթե պարզվի, որ ընկերությունը սկսել է գործընթաց, բայց մի քանի ամիս ուշանալու է, նրան հավանաբար կտրվի ժամկետ: Սակայն Ս. Քրմոյանը չբացառեց, որ կփակվեն այն դեղագործական ձեռնարկությունները, որոնք GMP ստանդարտներին չեն համապատասխանի:




























