ԱՄՆ ներկայացուցիչները Սաուդյան Արաբիայում Ուկրաինայի հետ բանակցությունների ժամանակ չեն բարձրացրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հրաժարականի եւ նախագահական ընտրությունների հարցը, հայտնել է Fox News հեռուստաալիքի լրագրող Նանա Սաջայան։ Միեւնույն ժամանակ, Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Քերոլայն Լեւիթը հանդիպումից հետո ասել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը Զելենսկուն «տեղն» է դրել եւ հասկացրել, որ Միացյալ Նահանգները «լուրջ է վերաբերվում երկարաժամկետ խաղաղության համաձայնագրին»։ Լեւիթն ավելացրել է, որ Թրամփի վարչակազմը գոհ է, թե ինչպես է ստացվել Ուկրաինայի հետ գործարքը։

Հանդիպման արդյունքներով՝ Կիեւը համաձայնել է 30-օրյա զինադադարի, եթե Մոսկվան նույնպես գնա այդ քայլին։ ԱՄՆ-ը պատրաստվում է մոտ ժամանակներս դա քննարկել ռուսական կողմի հետ, ասել է բանակցություններին մասնակցած նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլթցը։ Վաշինգտոնը նաեւ որոշել է անհապաղ վերսկսել Ուկրաինային ռազմական օգնությունն ու հետախուզական տեղեկատվության տրամադրումը, որոնք կասեցվել էին Սպիտակ տանը Թրամփի եւ Զելենսկու վեճից հետո։ Ուկրաինայի նախագահի գրասենյակը հաստատել է, որ ամերիկյան ռազմական օգնությունը կրկին վերականգնվել է։

Մինչ այդ, ըստ NBC News-ի աղբյուրների, Թրամփն իր օգնականներին մասնավոր կերպով հասկացրել է, որ Կիեւ զենքի մատակարարումը վերսկսելու համար ցանկանում է, որ Զելենսկին քայլեր ձեռնարկի Ուկրաինայում նախագահական ընտրությունների համար եւ, հնարավոր է, հեռանա պաշտոնից։ Փետրվարի կեսին Թրամփը բացահայտորեն կոչ է արել Ուկրաինայում նախագահական ընտրություններ անցկացնել։ Նա նշել է, որ Զելենսկու վստահության վարկանիշը կազմում է ընդամենը 4 տոկոս եւ Ուկրաինայի առաջնորդին անվանել է «բռնապետ առանց ընտրությունների»։ Զելենսկին իր հերթին վկայակոչել է Կիեւի Սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտի տվյալները, ըստ որոնց՝ իրեն վստահում է հարցված ուկրաինացիների 57 տոկոսը։ Նրա խոսքով՝ Թրամփի տրամադրած տվյալները ռուսական ապատեղեկատվություն են։