Երեւանի Շենգավիթի վարչական շրջանի նախկին ղեկավար Սերգեյ Հովհաննիսյանը («Կադիլակ Սերոժ») հրաժարականից հետո չի պատրաստվում անվերջ հանգստանալ, քանի որ ի վերջո իր ընտանիքը պետք է պահի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Սերգեյ Հովհաննիսյանը, ով ներկա պահին որեւէ տեղ չի աշխատում: Ստորեւ ներկայացնում ենք նրա հետ NEWS.am-ի հարցազրույցը:

Պարոն Հովհաննիսյան, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից Ձեր հրաժարականից հետո ինչո՞վ եք զբաղվում:

Ներկա պահին նարդի եմ խաղում (ծիծաղում է), հանգստանում եմ:

Իսկ հրաժարականից հետո հանդիպումներ ունեցե՞լ եք բարձրաստիճան պաշտոնյաների, նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Նոր աշխատանքի անցնելու առաջարկներ եղե՞լ են, թե` ոչ:

Ոչ, ոչ: Բայց, ի վերջո, պետք է աշխատեմ, թե` չէ: Ի՞նչ պարտադիր է առաջարկեն, մի օր աշխատելու եմ, հո չե՞մ կարող անվերջ հանգստանալ: Իմ ընտանիքը պետք է պահեմ:

Իսկ ի՞նչ պլաններ ունեք ինչո՞վ եք պատրաստվում զբաղվել. բիզնեսո՞վ, թե ցանկանում եք պետական պաշտոն զբաղեցնել:

Դեռ չեմ որոշել: Վարչական շրջանի ղեկավար լինելը շատ դժվար աշխատանք էր, շատ հոգնած էի, կարելի է ասել գերհոգնած: Իսկ հիմա ինձ լավ եմ զգում, լավ, հանգիստ քնում եմ: Ավելին` կառաջարկեմ մարդիկ այնպես ապրեն, որ չաշխատելուց մենակ չմնան:

Այսինքն` Դուք հասկացել եք, որ մարդիկ Ձեր կողքին պաշտոնի համա՞ր են եղել եւ, երբ հրաժարական տվեցիք հեռացե՞լ են ձեզանից:

Չէ, նման բան չեմ հասկացել: Ընդհակառակը ուզում եմ ասել, որ իմ պես աշխատեք: Օրինակ, ես այնպես եմ աշխատել, ապրել,  որ այսօր մենակ չեմ: Ընկերներս հրավիրում են այստեղ, այնտեղ: Ինչից ինձ ավելի լավ եմ զգում:

Չասացիք, թե հանգստի ընթացքում ապագային ուղղված ի՞նչ պլաններ եք ձեւավորում:

Մի հատ, որ գերհոգնածությունս անցնի, ուղեղս պայծառանա, թարմանա կսկսեմ ապագա պլաններս էլ ծրագրավորել:

Իսկ շարունակո՞ւմ եք մնալ ՀՀԿ-ի անդամ:

Անպայման ՀՀԿ անդամ եմ: Նախագահն էլ իմ նախագահն է` Սերժ Ազատիչ Սարգսյանը: Իր համար պատրաստ եմ ցանկացած առաջարկություն անել:

Առաջիկա խորհրդարան ընտրություններին աշխատելու եք ՀՀԿ-ի օգտի՞ն, ակտիվ մասնակցությո՞ւն եք ցուցաբերելու:

Եթե ՀՀԿ-ական եմ, բա ո՞ւմ օգտին պետք է աշխատեմ: Ես կուսակցությունից կուսակցություն էթացող չեմ: Իմ նախագահը Սերժ Սարգսյանն է: Այո ընտրություններին ակտիվ մասնակցություն եմ ցուցաբերելու ի օգուտ ՀՀԿ-ի:

Ի դեպ, խոսակցություններ կան, որ Ձեր հրաժարականից հետո Շենգավիթի վարչական շրջանի շատ աշխատակիցների ցանկանում են հեռացնել աշխատանքից:

Դա արդեն չգիտեմ իրենց հարցրեք, ով է հեռացնում կամ ինչի են հեռացնում: Ինձ չեն հեռացրել ես դուրս եմ եկել իմ դիմումի համաձայն: Ավելին` քաղաքից էլ եմ դուրս եկել, ներկա պահին ինչպես նշեցի հանգստանում եմ:

Հնարավո՞ր է, որ Տարոն Մարգարյանի հետ եք խնդիրներ ունեցել, քանի որ նրա Երեւանի քաղաքապետ նշանակվելուց հետո հրաժարական տվեցիք:

Ապսալյուտնի ոչ մի խնդիրներ չեմ ունեցել: Ես բոլոր քաղաքապետերի հետ էլ լավ եմ եղել:

Զրուցեց Տաթեւ Մեսրոպյանը