Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստը իսկապես չափազանց կարևոր հանգրվան է, չափազանց կարևոր հիմք է շարունակելու աշխատանքները դեպի համապարփակ կարգավորում: Այս մասին, այսօր՝ մարտի 14-ին, ԱԺ-ում կառավարության ծրագրի 2024-ի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Այդ համաձայնագրում ունենք էական ձեռքբերումներ և արձանագրումներ, ինչպիսիք են, օրինակ, փոխադարձաբար տարածքային ամբողջականության ճանաչումը, սահմանների անխախտելիությունը: Ընդ որում, մեր մոտեցումն է եղել, որ տարածքային ամբողջականությունը պետք է ճանաչվի համաձայն կամ Ալմա Աթայի 1991 թվականի հռչակագրի հիման վրա, ինչը նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունները և սահմանազատումը, պետք է համահունչ լինի Խորհրդային Միության փլուզման պահին երկու երկրների միջև եղած սահմանին։

Համաձայնագրում արտացոլված է նաեւ սահմանների անխախտելիությունը, ուժի կիրառումից և ուժի կիրառման սպառնալիքից խուսափելը կա, այսինքն ուղղակի արգելված է համաձայնագրով»,- ասաց նա:

Անդրադառնալով ԵՄ դիտորդների ներկայությանը ՀՀ-ում, ԱԳ նախարարն ասաց. «ԵՄ դիտորդական առաքելությունը տեղակայվել է մեր առաջարկությամբ, մեր խնդրանքով, որ նպատակն է ապահովել, նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի կայունությանը: Ոչ ոք չի կարող ժխտել, որ տեղակայումից ի վեր իսկապես այս առաքելությունը ծառայել է այս նպատակին, իսկապես առաքելությունը ստացված է: Միաժամանակ այն պահին, երբ կստորագրվի այդ համաձայնագիրը, կվավերացվի և ուժի մեջ կմտնի, կայունությունը և խաղաղությունը այլևս շատ ինստիտուցիոնալ կդառնան:

Ես տեսնում եմ, որ ընդդիմադիր գործընկերները դժգոհում են, բայց նույն գործընկերները դժգոհում էին ընդհանրապես եվրոպացիներին բերելուց: ԵՄ դիտորդական առաքելության տեղակայմանը խստորեն ընդդիմացող և դրանից դժգոհող և այժմ ԵՄ դիտորդական առաքելությանը չափազանց հոգատար վերաբերվող և կարևորող մեր գործընկերներին ուզում եմ վստահեցնել, որ մենք, երբ որ այս համաձայնագիրը կստորագրվի, կվավերացվի և ուժի մեջ կմտնի, մեր ԵՄ գործընկերների հետ քաղաքացիական առաքելության հետ համագործակցության մասով  ընդունելի փոխշահավետ լուծումների կգանք»,- ասաց նա: