Երեւանում ուղեւորափոխադրումների արժեքը գիշերային ժամերին շատ հաճախ աճ է արձանագրում: Օրինակ, 27 եւ 93 համարի երթուղիներից օգտվող քաղաքացիները բարձրաձայնում են, որ երեկոյան ժամերին իրենք արդեն ստիպված են լինում 100 դրամի փոխարեն 200 դրամով երթեւեկել: NEWS.am-ի թղթակիցը ստեղծված խնդրի շուրջ զրուցեց Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանի հետ, ով նշեց, որ երթուղայինների վարորդներն իրենց պայմանագրային պայմանների համաձայն, պարտավոր են աշխատել առավոտյան 7.30-ից մինչեւ 23.30-ը: «Եթե այդ ժամից հետո են աշխատում բարձր գնով, այստեղ կանոնակարգում մեծ հաշվով չկա: Ավելին` դրանից հետո, եթե գծատերը գտնում է, որ ինքը շահույթ ունի, կարող է աշխատել: Ի վերջո նրանք շահույթ հետապնդողներ են: Բանականաբար, եթե ինքը տեսնում է, որ դեռ կա ուղեւոր ինքը «պուստոյ պռաբեգ» չունի, կարող է շարունակել աշխատանքը: Այդպիսի օրինակներ կան. նույն 86 համարը, եթե չեմ սխալվում 76 համարը, աշխատում են մինչեւ ժամը 2-ը, որովհետեւ Կոմիտասից մինչեւ Էրեբունի են գնում եւ այդ ճանապարհին կարծես, թե կարողանում են ուղեւորահոսք ապահովել: Այս դեպքում նրանց չես էլ կարող արգելել, որովհետեւ օրենքի խախտում չկա, քանի որ նրանք պայմանագրային պարտավորություններ ունեն, որ առավոտյան 7.30-ից մինչեւ  23.30-ը պետք է աշխատեն»,-նշեց Ա. Գեւորգյանը, հավելելով, որ ամեն դեպքում աներկայացված տվյալները կփոխանցի քաղաքապետարանի համապատասխան վարչությանը, որ իրենք համապատասխան քայլեր ձեռնարկեն պարզելու համար նրանք տվյալ դեպքով մինչեւ ժամը 23.30-ն են 200 դրամով սպասարկում, թե՞ դրանից հետո»:

Հարցին, թե եթե մինչեւ ժամը 23.30-ն են 200 դրամով աշխատում, ի՞նչ պատիժ է նրանց սպառնում, նա պատասխանեց. «Այդ դեպքում տուգանքը սկսվում է խիստ նկատողությունից եւ հասնում ընդհուպ մինչեւ լիցենզիայի հետ կանչում: Ավելին` նման դեպքեր արձանագրվել են: Ամռանը քաղաքապետի որոշումով 26 եւ 76 համարի երթուղիների շահագործումը կասեցվեց, բայց, քանի որ 76 համարը բողոքարկեց այդ որոշումը դատարանում, դրա համար ժամանակավորպես առկախվեց 76 համարի շահագործումը դուրս բերելը: Եթե դիմում են դատարան այդ որոշումը առժամանակ հայտնվում է կախյալ վիճակում: Այսինքն` շահագործումը չի կասեցվում, քանի դեռ դատական վճիռը չի իրագործվել»:

Ի դեպ, ըստ Արթուր Գեւորգյանի, վերահսկողությունը երկկողմանի է իրականացվում, թե քաղաքապետարանի, թե տրանսպորտի եւ կապի նախարարության կողմից, քանի որ վերջիններն են լիցենզիա տրամադրում: «Այսինքն` մենք ահազանգի մասին իրազեկում ենք նաեւ տրանսպորտի եւ կապի նախարարությանը եւ երկկողմանի տեսչական շրջայցեր ենք իրականացնում: Դա ամենօրյա աշխատանք է: Բայց կոնկրետ ահազանգին հատուկ ուշադրություն ենք դարձնում: Օրինակ, տեսչական շրջայցի ընթացքում պատահաբար որպես ուղեւոր նստում են տվյալ երթուղի: Ավելին` այդ օրը կարող է նստեն խախտում չարձանագրեն հաջորդ օրը նստեն` արձանագրեն: Այդ ժամանակ էլ անմիջապես արձանագրությունը կազմվում է խախտման մասին, որի տակ վարորդները ստորագրում են»,- պարզաբանեց Արթուր Գեւորգյանը:

Դիտարկմանը, թե եթե ուղեւորափոխադրումներ իրականացնելու պայմանագրով աշխատանքը մինչեւ երեկոյան 23:30-ն է, նշանակո՞ւմ է, արդյոք, որ այդ ժամից հետո վարորդները կարող են չենթարկվել նաեւ երթուղայինում չծխելու պահանջին, թույլ տան իրենց անվայել պահվածք, որոնք արգելված են պայմանագրով, Արթուր Գեւորգյանն արձագանքեց.«Կառաջարկեմ այդ հարցի պատասխանը ստանալ Տրանսպորտի եւ կապի նախարարությունից, քանի որ լիցենզիան ըստ էության նրանք են տալիս: Ավելին` տուգանք գրողը կոպիտ ասած իրենք են: Բայց անկախ ամեն ինչից կարծում եմ, որ չի կարելի նման պահվածք ունենալ: Կարո՞ղ է մի հատ էլ խմած նստի ղեկի մոտ: Տրամաբանությունը հուշում է, որ վարորդն իրավունք չունի մարդ տեղափոխելու: Ժամդ աշխատել էս, ուզում էս քո համար «ռելաքսոտ» վիճակ ստեղծել գնա «ռելաքսդ» որտեղ ուզում էս արա, բայց ոչ թե ժողովրդի, գործի, կյանքի հաշվին»,- եզրափակեց Արթուր Գեւորգյանը:

Իսկ ահա Տրանսպորտի եւ կապի նախարարության մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանը արձագանքելով վերը նշված խնդին նկատեց. «Տրանսպորտում ծխելը եւ վարորդների վարքը տրանսպորտի եւ կապի նախարարության հետ կապ չունի: Իսկ հաստատված չվացուցակից դուրս, եթե խախտումներ են արձանագրվում տրանսպորտի տեսչության կողմից տվյալ դեպքում կիրառվում է վարչական տույժ: Ավելին` մրցույթի պայմաններով նախատեսված փոխադրման սակագնից բարձր սակագնի դեպքում ուղեւոր տեղափոխելու դեպքում կազմակերպության հետագա գործունեությունը քննարկվում է  մրցութային հանձնաժողվում: Տվյալ դեպքում այդ հանձնաժողովը ձեւավորված է Երեւանի քաղաքապետի կողմից: Այսինքն` հանձնաժողովն է որոշում այդ կազմակերպության հետագայում լինել-չլինելու հարցը, կասեցումը կամ տուգանումը»:

 

Պատրաստեց Տաթեւ Մեսրոպյանը