«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության մի խումբ ակտիվիստներ, մտահոգված լինելով Մոզրովի քարանձավի ճակատագրով, որոշել են միջոցներ ձեռնարկել այդ եւ եւս մի քանի քարանձավների պահպանման եւ հետագա ճիշտ շահագործման ուղղությամբ: Նրանք դեկտեմբերի 20-ին, այցելել են Վայոց ձորի մարզում գտնվող Մոզրովի քարանձավ, չափագրել մուտքը` մոնիտորինգ իրականացնելու համար:

Բնապահպանների խոսքով, քարանձավի վիճակն, իսկապես, անմխիթար է:

«Ձյունը դեռ նոր էր եկել, բայց այնտեղ արդեն նշմարվում էին անկոչ հյուրերի թողած ոտնահետքերը եւ դատարկ շշերը: Քարանձավում եղած շիթաքարերից ու կաթիլաքարերից միայն ստվերն է մնացել»,- նշել են նրանք ու պատրաստակամություն հայտնել եղածը փրկելու, պահպանելու եւ սերունդներին փոխանցելու համար փակել քարանձավի առաջին սրահի մեծ ճեղքը` խոնավությունը պահպանելու, զբոսաշրջիկների մուտքը համաձայն օրենքի սահմանափակելու, քարանձավը դրսի փոշիից առանձնացնելու եւ քարանձավի ներսում կաթոցները վերականգնելու նպատակով:

Քարանձավի փլվածքը, որը նաեւ մուտք է հանդիսանում, բավականին մեծ է, իսկ ծախսերը հետեւաբար զգալի: Սակայն բնապահպանները հավաստիացնում են, որ դա չի կարող խոչընդոտ հանդիսանալ եւ համատեղ ուժերով ամեն ինչ կիրականացվի հավուր պատշաճի: Կվերականգնվի նաեւ «Արջերի» կոչվող քարանձավի մուտքին կից գտնվող քանդված անցքը, որը նույնպես ժամանակին ծառայել է որպես գաղտնի հետնամուտք:

Ակտիվիստ Գոռ Հովհաննիսյանի խոսքով, այդ ամենի պատճառն այն է, որ քարանձավի ելումուտը չէր կանոնակարգվում համաձայն պահանջվող ստանդարտների: Հարկավոր է, որ համապատասխան մարմինների կողմից մշակվի քարանձավներից օգտվելու եւ այցելություններ իրականացնելու որոշակի ձեւ, որը պարտադիր կլինի բոլորի համար: Վերոնշյալ ձեւն արդեն մշակվում է թռչկանցիների, նրանց աջակցող բնապահպանական կազմակերպությունների եւ մասնագետների կողմից: Պատրաստ լինելուց անմիջապես հետո, այն անմիջապես կառաջարկվի համապատասխան պետական մարմիններին` կիրառության համար:

«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության մեջ ընդգրկված քարանձավախույզներն անձամբ կհետեւեն, որպեսզի քարանձավին լրացուցիչ վնաս չհասցվի: