Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարները պատրաստում են Ուկրաինային առնվազն 20 մլրդ եվրոյի ռազմական օգնության փաթեթ, Հունգարիան դեմ կլինի նման ծրագրերին։ Այս մասին հայտնել է Հունգարիայի արտաքին գործերի եւ արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն՝ ԵՄ գործընկերների հետ հանդիպման համար Բրյուսել ժամանելուն պես։
«Բրյուսելում շարունակում է գերակշռել ռազմական գործողություններին աջակցող դիրքորոշումը։ Արտաքին գործերի նախարարների խորհրդի այսօրվա նիստում պատրաստվում է Ուկրաինային առնվազն 20 մլրդ եվրոյի չափով ֆինանսական օգնության փաթեթ։ Մենք թույլ չենք տա մեզ ներքաշել դրա մեջ, եւ անթույլատրելի է, որ հունգարացի հարկատուների գումարներն օգտագործվեն Ուկրաինա զենք մատակարարելու համար»,- գրել է Սիյարտոն Facebook-ում։
Ինչպես նշել է նախարարը, դրա փոխարեն Հունգարիան աջակցում է ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ խաղաղ բանակցություններին Ռուսասանի եւ ԱՄՆ-ի միջեւ։ Նա ավելացրել է, որ «վերջին երեք տարիներին խաղաղության հույսը երբեք այնքան մոտ չի եղել, որքան այժմ, ուստի խաղաղ բանակցություններն անհնար դարձնելու Բրյուսելի մտադրությունն անընդունելի է»։





























