Ազգային Ժողովի նախկին պատգամավոր, ԲՀԿ-ական Նապոլեոն Ազիզյանին եւ նրա մերձավորներին հայհոյած ու տան շրջակայքում հասարակական կարգը խախտած 30-ամյա Ահարոն Վ-ն բացարձակապես չի հիշում, թե ինչո՞ւ է նման պահվածք դրսեւորել` պատճառաբանելով, թե գտնվել է ոչ սթափ վիճակում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Նապոլեոն Ազիզյանը: Վերջինս նաեւ անդրադարձավ իր քաղաքական պլաններին ու սեպտեմբերի 23-ին վնասազերծված բանդայի գործին: Ստորեւ ներկայացնում ենք Ազիզյանի հետ մեր զրույցը:
Պարոն Ազիզյան, արդյո՞ք պարզվեց, թե դեկտեմբերի 15-ի երեկոյան 30-ամյա Ահարոն Վ.-ն ինչո՞ւ է Ձեր տան դիմաց 20-25 րոպե տեւողությամբ կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը, հայհոյել Ձեզ եւ Ձեր ընտանիքի անդամներին:
Դե Ահարոնը ասում է, որ խմած է եղել եւ ոչ մի բան չի հիշում բացարձակապես:
Դա արդյո՞ք նշանակում է, որ մեղադրանքը հետ եք վերցրել:
Չէ: Ուղակի հարցրել եմ ասել եմ, թե ինչ է եղել, որն է եղել պատճառը, ինչու է այդ վիճակով եկել եւ իրեն նման արարք թույլ տվել: Ասացին, որ խմած է եղել եւ բացարձակ ոչինչ չի հիշում:
Իսկ նրա հետ որտեղից եք ծանոթ եղել:
Ինձ մոտ շենքի վրա 2 տարի առաջ նրա հայրն է աշխատել, որը վաղուց իր հարցերը փակել ու գնացել է: Այդ տղային ես ոչ ճանաչել եմ, ոչ մեզ մոտ աշխատել է, ոչ էլ չգիտեմ ինչ:Նույնիսկ նրա հայրն է ասել ի՞նչ պարտք, ի՞նչ պահանջ:
Այս դեպքում հնարավոր համարում եք, որ ինչ-որ մեկը նրան ուղղորդել է:
Բնական է: Երեւի, ինչ-որ մեկը նրան ուղղորդել է: Ես այդպես եմ մտածում, ուրիշ ոչինչ չեմ մտածում:
Այս դեպքում ում եք կասկածում, ովքեր են նրանց թիկունքում կանգնած կամ ովքեր Ձեզ հետ հաշիվներ ունեն:
Այ դա ես չգիտեմ, չեմ կարող ասել:
Ինչեւէ, արդյոք որոշել եք առաջադրելու եք Ձեր թեկնածությունը խորհրդարանական ընտրություններում, թե ոչ:
Դեռ շուտ է չեմ կարող ասել, թող մնա այդ հարցին փետրվարից հետո կպատասխանեմ:
Իսկ կուսակցությունից մինչ օրս առաջադրվելու առաջարկ ստացե՞լ եք: Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպում եք արդյո՞ք եւ նա նման առաջարկությամաբ հանդես եկե՞լ է, թե՞ ոչ:
Գագիկ Ծառուկյանը մեր կուսակցության առաջնորդն է, ինչպես կարող ենք չհանդիպել: Բոլոր միջոցառումների ժամանակ էլ հանդիպում ենք, բայց առանձնահատուկ հանդիպում չի եղել եւ առաջադրվելու առաջարկ դեռ չեմ ստացել:
Պարոն Ազիզյան, չշրջանցենք նաեւ սեպտեմբերի 23-ին վնասազերծված բանդայի թեման: Ձերբակալվածների ծնողները ահազանգում են, որ ոստիկանությունը ճիշտ մարդկանց չի ձերբակալել: Ի՞նչ եք կարծում, ոստիկանությունը ճիշտ ուղու վրա՞ է, թե՞ ոչ:
Այո ճիշտ մարդկանց են ձերբակալել: Դա արդեն ապացուցված է: Իսկ ավելին քննությունը ցույց կտա: Բայց, երբ նրանց բերեցին մեր տուն, իրենց կատարած արարքին վերաբերող այնպիսի բաներ ասացին, որ մենք մոռացել էինք: Հետեւաբար` բացառված է, որ իրենք չլինեին:
Իսկ խոսքը ո՞ր ձերբակալվածների մասին է:
Մեր տուն, որ բերեցին, անունը կարծեմ` Դավիթ էր:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ հայտնի բանդային կասկածում են նաեւ Նապոլեոն Ազիզյանի տան վրա կատարված ավազակային հարձակման մեջ: Օգոստոսի 21-ին, ժամը 05.00-ին, դիմակավորված 5 անձինք, պատշգամբով մտել էին նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի` Կիլիկիա թաղամասի Սիսվանի փողոցի թիվ 57 տուն, ծեծի ենթարկել նրան, կնոջը եւ դստերը ու զենքի սպառնալիքով հափշտակելով 3 մլն դրամ, 20 հազար դոլար, ոսկյա զարդեր եւ արժեքավոր 6 նկարներ` դիմել են փախուստի: Ավելի ուշ պարզվել էր, որ հարձակվողները սեպտեմբերի 23-ին վնասազերծված հայտնի բանդայի անդամներ են:
Զրուցեց Տաթեւ Մեսրոպյանը



























