Audi-ն , ըստ ամենայնի, այլևս չի թողարկի իր վերջին ներքին այրման շարժիչով (ICE) ավտոմեքենան 2026 թվականից, ինչպես ի սկզբանե նախատեսված էր, և այդ տարին կօգտագործի ICE մեքենաներն աստիճանաբար դուրս բերելու նոր ժամկետներ սահմանելու նպատակով, գրում է Autocar-ը։
Audi-ն ավելի վաղ հայտարարել էր, որ ներքին այրման շարժիչով իր վերջին ավտոմեքենան կթողարկի 2026 թվականին: Սպասվում էր, որ դա կլինի հաջորդ սերնդի Q7-ը, որը նախատեսվում էր վաճառքի շուկայից դուրս բերել 2032 թվականին:
Ելույթ ունենալով ընկերության տարեկան արդյունքների շնորհանդեսում, գործադիր տնօրեն Գերնոտ Դյոլներն (Gernot Döllner) ընդգծել է հաջորդ սերնդի հիբրիդային տեխնոլոգիայի մեջ Audi-ի շոշափելի ներդրումները:
«Մենք մտադիր ենք վերլուծել ներքին այրման շարժիչների ծառայության ժամկետը աշխարհի բոլոր տարածաշրջաններում,- ասել է նա։ -Հայտնել ենք 2032 թվականի ամսաթիվը, բայց ստիպված կլինենք վերանայել այս ամսաթվերն ու ժամկետները»:
Նշելով, որ անցումն էլեկտրական ավտոմեքենաներին «կտևի ավելի երկար, քան ի սկզբանե ծրագրել էինք», Դյոլները նշել է, որ միջնաժամկետ հեռանկարում ներքին այրման շարժիչը կշարունակի կարևոր դեր խաղալ, հատկապես որպես հիբրիդային ուժային ագրեգատների հիմք:
Նոր Audi A5-ը կներկայացվի հաջորդ շաբաթ՝ որպես 10 նոր plug-in հիբրիդային էլեկտրական ավտոմեքենաների (PHEV) մոդելներից մեկը, որոնք վաճառքի կհանվեն 2025 թվականին, ընդ որում A3, A6, Q5 և հաջորդ սերնդի Q3-ը նույնպես առաջիկա ամիսներին կստանան PHEV տարբերակներ:
Նոր Q7-ը և ավելի մեծ, հիմնականում ԱՄՆ-ի վրա հիմնված մոդելը, որը հայտնի է որպես Q9, նույնպես կառաջարկվեն PHEV հզորությամբ, երբ նրանք շուկա դուրս գան առաջիկա տարիներին:





























