Թուրքիային չի հաջողվում բավարարել աճող ներքին էներգապահանջարկը, եւ նա ավելի ու ավելի մեծ կախվածության մեջ է ընկնում արտաքին էներգաաղբյուրներից: Այդ մասին գրում է NewEurope կայքը: 2007թ. Թուրքիայի ներքին ռեզերվները բավարարել են երկրի էներգապահջարկի միայն 25,5 տոկոսը, հայտարարել է թուրքական «Համաշխարհային էներգետիկ խորհրդի» կոմիտեի անդամ Օղուզ Թուրքյըլմազը:
Նրա խոսքերով, թուրքական էներգետիկան պետք է մոդեռնացվի, այալպես երկրի՝ արտաքին կախվածությունը կտրուկ կաճի: Նա ընդգծել է, թե արդյունաբերության զարգացմամբ էներգադեֆիցիտն ավելի սուր կզգացվի: Փորձագետը նշել է, որ Թուրքիայում մեկ շնչին ընկնող էներգասպառման մակարդակը ավելի ցածր է, քան Եվրամիության երկրներում:
Այդուհանդերձ, ինչպես նշել է նա, էլեկտրաէներգիայի օգտագործումը Թուրքիայում 2004թ-ից աճել է 43 տոկոսով: Իսկ երկրի էլեկտրաէներգիայի ներմուծումը կազմում է Թուրքիայի ողջ ներմուծման 24 տոկոսը:




























