ԼՂՀ նախկին նախագահ, Հայաստանի նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Արկադի Ղուկասյանը Հայաստանի ԱԳՆ ղեկավարին «թույլ եւ անպատրաստ» է անվանել: Այդ մասին հայտնում է USA Armenian Life Magazine- խմբագիր Ափո Ջաբարյանը: Նրա խոսքով, Ղուկասյանն այդ մասին հայտարարել է նոյեմբերի 3-ին, Լոս-Անջելեսում հեռուստամարաթոն-2009-ին նվիրված հանդիպմանը:
Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին՝ Արկադի Ղուկասյանը նշել է, թե արձանագրությունները պարունակում են տարբեր թույլ կողմեր եւ բացթողումներ, իսկ ինքը հասկանում եւ կիսում է Սփյուռքի դժգոհությունները՝ արձանագրությունների կապակցությամբ: Ղուկասյանը հայտարարել է, թե հայ-թուրքական մերձեցման հարցում Սփյուռքի հետ երկխոսությունը շատ ուշ է կայացել, ինչը նույնպես սխալ էր:
«Սերժ Սարգսյանը հավանական է, որ սխալ է գործել, բայց նա ազնիվ եւ հայրենասեր անձնավորություն է եւ իր ուսերին մեծ պատասխանատվություն է ստանձնել»,- հայտարարել է ԼՂՀ նախկին նախագահը:
Հարկ է նշել, որ Արկադի Ղուկասյանն այն խմբի կազմում էր, որ Հայաստանի նախագահի հետ համահայկական ուղեւորության էր մասնակցում Սփյուռքի գաղթօջախներում՝ ներկայացնելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: Եթե Ափո Ձաբարյանի տեղեկությունը իսկապես ճշմարիտ է, ստացվում է, որ Ղուկասյանը, լինելով պաշտոնյա, որ պարտավոր է կատարել պետության հանձնառությունները, մասնավորապես արտաքին քաղաքականության ոլորտում, փաստացի հանդես է գալիս երկրի պաշտոնական քաղաքականության դեմ:




























