Իսրայելական բանակը (ՑԱԽԱԼ) հայտնել է, որ վաղն առավոտյան նախապես ծրագրված լայնածավալ զորավարժություններ կանցկացնի Լիբանանի սահմանի երկայնքով և հյուսիսային ափերի մոտ, գրում է Times of Israel-ը։

Զորավարժությունները, որոնք կներառեն պաշտպանության և սպառնալիքների արձագանքման տարբեր սցենարների կիրառում, կտևեն մինչև հինգշաբթի, հայտնել են Իսրայելի պաշտպանության բանակում:

Հայտարարության մեջ նշվում է, որ այդ տարածքում կավելացվի ինքնաթիռների, ռազմածովային նավերի և այլ ուժերի ներկայությունը։

Անցած շաբաթվա վերջին հայտնի դարձավ, որ կարճատև հրադադարից հետո Իսրայելի և Լիբանանի սահմանին վերսկսվել են մարտերը։

Իսրայելը պնդում է, որ հարձակումների պատճառ են դարձել Լիբանանից արձակված հրթիռները։

Իր հերթին, Լիբանանի Առողջապահության նախարարությանն առընթեր Արտակարգ իրավիճակների Կենտրոնը հայտնել է, որ անցած շաբաթ օրը իսրայելական թշնամու կողմից Լիբանանի մի շարք շրջաններում իրականացված մի շարք գրոհների արդյունքում յոթ մարդ զոհվել է, 40-ն էլ՝ վիրավորվել։

Դրանից հետո լիբանանյան լրատվամիջոցները հայտնել են Լիբանանի տարածքով իսրայելական ռազմական ինքնաթիռների թռիչքների մասին: