Օրերս Պետեկամուտների կոմիտեի աշխատակիցները «Մետեքսիմ տերմինալ» մաքսային պահեստում Ալֆրեդ Հարությունյանի անունով Բագրատաշենի մաքսակետով ներմուծված բեռի մեջ զննման ժամանակ զինամթերք են հայտնաբերել:

Ըստ հայտարարագրի, այդ բեռում պետք է լիներ 456 կգ ընդհանուր քաշով օգտագործված անձնական հագուստ եւ այլ ապրանքներ:

ՊԵԿ-ի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այդ բեռում հայտնաբերվել է, մասնավորապես, 248 հատ տարբեր տեսակի եւ տրամաչափի փամփուշտ, 15 դատարկ պարկուճ, 6 տուփ մանրագնդակ, 10 հատ գաղտնի փականով տարբեր չափերի եւ ձեւերի դանակ, ռադիոկապի 2 միջոց, լիցքավորված գազի 2 բալոն, փայտե 1 խտանյութ, հրազենի 1 փայտյա եւ 2 մետաղյա մասեր: Փաստի առթիվ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ համապատասխան արձանագրություն: