Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Հայաստանի ԱԳՆ դիվանագիտական դպրոց եւ հանդես եկել դասախոսությամբ:
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետը դպրոցի ունկնդիրներին է ներկայացրել Ազգային Ժողովի կողմից ընդունված Կառավարության ծրագիրը:
«Մեր հիմնարար սկզբունքն այն է, որ ժամանակակից աշխարհում պետք է կառուցել գիտելիքի վրա հիմնված տնտեսություն. զարգացած են համարվում այն երկրները, որոնք ոչ թե ապրանք, այլ գիտելիք են արտադրում»,- ասել է վարչապետը: Տիգրան Սարգսյանն ասել է, որ նշված հիմքերի վրա հենվելով կառավարությունը ձգտում է ապահովել տնտեսական աճ: Տիգրան Սարգսյանը պատասխանել է նաեւ դպրոցի ունկնդիրների հարցերին, որոնք մասնավորապես վերաբերում էին ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքների հաղթահարմանը, էներգետիկային, տարածքային համաչափ զարգացմանը, արտահանմանը եւ այլն:




























