Մամուլի շենքի սեփականաշնորհման հարց օրակարգում չկա: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, նշելով սակայն, որ այնտեղ անհատույց կամ վարձակալությամբ հատկացվող տարածքներում բավականին շատ խախտումներ են արձանագրվել:
Նրա խոսքով` 2012 թ. մանրամասն ուսումնասիրվելու է, թե որ լրատվամիջոցն ինչ տարածք է զբաղեցնում, արդյոք այն մեծ հատվածները, որ տրված են մամուլի զարգացման համար` նպատակայի՞ն են օգտագործվում:
«Շատ դեպքերում մեր մամուլի ներկայացուցիչները ժամանակին մեծ հատվածներ են վերցրել ու առանց պետության հետ բանակցելու` ենթավարձակալությամբ տվել տարբեր կազմակերպությունների, հաճախ մամուլի հետ կապ չունեցող եւ շահույթ հետապնդող, ինչն առավել եւս անթույլատրելի է: Եթե հնարավոր է ավելի թանկ վարձակալության տալ, դա ինքներս կանենք եւ այդ գումարներն էլ պետական բյուջե կմտնեն: Մամուլի շենքում լրատվամիջոցների մեծ մասը տարածքներն ընդհանրապես անհատույց են օգտագործում եւ դրանք պետք է համապատասխանեն նրանց կարիքներին»,- ասաց Ա. Սահակյանը:
Ինչ վերաբերում է վերելակների ու մի շարք հարկերում սանհանգույցների վերանորոգմանը, ապա Ա. Սահակյանն ասաց, որ դրանք պետք է իրականացվեն համատեղ: Այսինքն` գումարի մի մասը կծախսի պետությունը, մյուսն` այն կազմակերպությունները, որոնք անհատույց օգտագործում են շենքի տարածքները:
Ա. Սահակյանը հիշեցրեց, որ վերջերս վարչության միջոցներով ավարտվել է Մամուլի տան տանիքի վերանորոգումը, որը տարիներ շարունակ շատ վատ վիճակում էր: Նրա խոսքով` սպասարկման այն վարձը, որ գանձվում է լրատվամիջոցներից, (250 դրամ` քառ. մետրի համար, գործում է 2002թվականից ) բավարար չէ շենքում կուտակված եւ ընթացիկ խնդիրներն ամբողջությամբ լուծելու համար: Հետագայում այլ չափանիշների հետ այն եւս կվերանայվի, որպեսզի դրանով հնարավոր լինի պատշաճ սպասարկում իրականացնել:




























