Վրաստանի Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավոր Խվիչա Կիկալիշվիլին լքել է պաշտոնը՝ իր լիազորությունների ժամկետի ավարտից հինգ տարի առաջ, հայտնում է TV Pirveli-ն։

Ըստ ԶԼՄ-ի, Կիկալիշվիլին հաստատել է փաստը, սակայն չի նշել իր հեռանալու պատճառները։

«Հեռացել եմ իմ ցանկությամբ։ Օրենքը ինձ չի պարտավորեցնում բացատրել պատճառը։ Որոշումն այսօր չեմ կայացրել, դիմումը գրել եմ ավելի քան մեկ շաբաթ առաջ»,- ասել է նա: 

Խվիչա Կիկալիշվիլին Սահմանադրական դատարանի դատավոր է նշանակվել 2020 թվականին 10 տարվա ժամկետով: Նրա թեկնածությունը ներկայացրել էր Վրաստանի Գերագույն դատարանի պլենումը։ Ուստի, նրան փոխարինող դատավոր պետք է ներկայացնի նույն մարմինը։ 

Ընդդիմությունը հայտարարում է, որ Կիկալիշվիլիի հրաժարականը նպատակ ունի ՍԴ-ում ուժեղացնել իշխանությունների ազդեցությունը։ Բանն այն է, որ մարտի 30-ին լրանում է մեկ այլ դատավորի՝  ՍԴ նախագահ Մերաբ Տուրավայի լիազորությունների ժամկետը։ Ի տարբերություն Կիկալիշվիլիի, նա պաշտոնում է նշանակվել  խորհրդարանի կողմից: Վերահաստատման համար 90 ձայն է անհրաժեշտ։ Ընդդիմության բոյկոտի պայմաններում օրենսդիր մարմնում, սկզբունքորեն, այդ թվով պատգամավոր չկա։ Սակայն հնարավոր է, որ Տուրավային ներկայացնի Գերագույն դատարանը։

Վրաստանի Սահմանադրական դատարանը կազմված է 9 դատավորից։ Երեքին նշանակում է Վրաստանի նախագահը, երեքին ընտրում է խորհրդարանը, հաջորդ երեքին նշանակում է Գերագույն դատարանը, գրում է Նովոստի-Գրուզիան: