Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանն այսօր, դեկտեմբերի 27-ին հրավիրած մամուլի ասուլիսում ամփոփեց 2011 թվականին նախարարության կատարած աշխատանքը եւ հայկական սպորտի նվաճումներն ու կորուստները:
Նախորդ տարվա 157 մեդալների համեմատ այս տարի հայ մարզիկները միջազգային մրցումներում նվաճել են 135 մեդալ եւ 10 օլիմպիական ուղեգիր:
Սպորտի նախարարը այս ցուցանիշի նվազումը պայմանավորում է ոչ թե վատ աշխատանքով, այլ` մյուս երկրների հաջողություններով: Արթուր Պետրոսյանը 2011-ին ավելի շատ օլիմպիական ուղեգիր է ակնկալել, սակայն տարվա ընթացքում նվաճած 10 օլիմպիական ուղեգրերը ֆինանսավորման համեմատ ավելին են:
Հաջորդ տարի եւս բյուջեում սպորտի ֆինանսավորման ավելացում չի նախատեսվում` 0,4 տոկոս կամ 4 միլիարդ դրամ:
Նախարարության ամենահաջողված ծրագիրը Արթուր Պետրոսյանը համարում է «Լավագույն մարզական ընտանիքը»: Նախորդ տարվա 347 ընտանիքի փոխարեն այս տարի մասնակցել է 1122 մարզական ընտանիք: Սակայն մասսայական սպորտի ֆինանսավորումը նախարարը համարում է անբավարար:
Արթուր Պետրոսյանը 2011թ. Հայաստանի լավագույն մարզիկ է համարում Լեւոն Արոնյանին, քանի որ շախմատում ունեցած նրա հաջողություններն ու մակարդակը դժվար է համեմատել մյուս մարզաձեւում մեր գործող մարզիկներից որեւէ մեկի մակարդակի հետ:
Նախարարը ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականներին խաղերին ստադիոն չի գնում, քանի որ գերադասում է ֆուտբոլ դիտել հեռուստացույցով: «Տանը ավելի հարմար է նայել: Կարող ես ետ տալ, դիտել կրկնապատկերը, իմ հեռուստացույցն այդ հնարավորությունն ունի»,- նշեց Արթուր Պետրոսյանը:




























