2011 թվականը Հայաստանի ներքաղաքական կյանքում կարեւոր էր ՀԱԿ-իշխանություն երկխոսության առումով, որը փոխում է քաղաքական մշակույթը: Այս մասին, այսօր` դեկտեմբերի 27-ին, հրավիրված մամուլի ասուլիսում նշեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը, հավելելով, որ այդ երկխոսության արդյունքում հարաբերություններն իշխանության եւ ընդդիմության միջեւ ավելի լավացան:

«Հայաստանի քաղաքկան կյանքում կոնֆլիկտն այլեւս իշխանության եւ ընդդիմության միջեւ չէ, այլ  իշխող էլիտայի`ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ է: Սակայն սեղանին դրված է Հայաստանի ապագան, իսկ ներքին կոնֆլիկտից բխող դրական ելքն այն է, որ այն կարող է ստիպել, որ փակ քաղաքական համակարգը բացվի»,- ասաց նա:

Անդրադառնալով 2012 թվականի ակնկալիքներին, քաղաքագետը հույս հայտնեց, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները նորմալ կանցնեն: «Այս խորհրդարանական ընտությունները երկու առումով տարբերվելու են մյուս ընտություններից: Առաջինն այն է, որ սա առաջին համապետական ընտրություններն են 2008 մարտի 1-ից հետո: Երկրորդն այն է, որ Հայաստանի իշխանությունները, այդ թվում նախագահը եւ վարչապետը, անձնապես խոստացել են, որ այս ընտրությունները լինելու են ավելի լավը եւ նույնիսկ ամենալավ ընտրությունները»,- հիմնավորեց Ռիչարդ Կիրակոսյանը: