Հայաստանի կենսաթոշակային համակարգում 10 մլրդ դրամի չարաշահումներ են հայտնաբերվել: Այս մասին այսօր` դեկտեմբերի 27-ին, լրագրողներին հայտարարել է Ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության վարչության պետ Սոնա Ղարիբյանը: Նրա խոսքով, այդ գումարից 5 մլրդ դրամը ծախսվել է կենսաթոշակներ ու նպաստեն վճարելու, ինչպես նաեւ թոշակառու-վետերանների համար վճարումների վրա: Մնացած 5 մլրդ դրամը փոխանցվել է պետական բյուջեի պահուստներ:
Նրա խոսքով, կենսաթոշակային հիմնադրամում կամ սոցիալական ապահովության ծառայությունում ստուգումներն սկսվել են կառավարության կողմից կենսաթոշակային բարեփոխումների նախապատրաստման շրջանակներում: Ստուգվել են Պետական կենսաթոշակային հիմնադրամի եւ Սոցիալական ապահովության ծառայության տարածքային ստորաբաժանումները:
Ս. Ղարիբյանի ներկայացմամբ, տարբեր տիպի խախտումներ են արձանագրվել 12 հազար կենսաթոշակառուների մասով: «Ստուգումների արդյունքում մեր աշխատակիցները անձամբ են հանդիպել թոշակառուների հետ, որպեսզի պարզեն, թե արդյոք կենսաթոշակ դուրս չի՞ գրվում արդեն մահացած մարդկանց անունով»,-ասաց նա, նշելով, որ որոշ դեպքերում կենսաթոշակը գրվում է արդեն մահացած կամ վաղուց Հայաստանը լքած թոշակառուների անուններով:
«Նման դեպքերում, կենսաթոշակային համակարգի աշխատակիցների հետ կարող են գործարքի մեջ մտնել թոշակառուների հարազատները, ստանալով իրենց բարեկամը կենսաթոշակը եւ կիսելով այն հիմնադրամի աշխատակիցների հետ»,-հայտարարել է Սոնա Ղարիբյանը:
«Ներկայումս, ինչպես ձեզ հայտնի է, կենսաթոշակների վճարումն ազատականացվել է. այն կարող են իրականացնել բանկերը` պլաստիկ քարտերի միջոցով»,-հիշեցրել է նա: Նշենք, որ կենսաթոշակների վճարման համակարգն ազատականացվել է 2010-ի նոյեմբերից:
Բացի այդ, թոշակառուների ցուցակները ստուգելու արդյունքում ճշգրտվել են ավելի քան 65 հազար կենսաթոշակառուի անձնական տվյալներ (Հայաստանում ընդհանուր առմամբ կա 520 հազար կենսաթոշակառու):




























