Բյուջետային եկամուտների տարեկան պլանի կատարման համար դեկտեմբերին անհրաժեշտ է հավաքել 1 մլրդ դրամի սոցվճարներ եւ 20 մլրդ դրամի հարկեր (միասին` շուրջ 55 մլն դոլար): Այս մասին այսօր` դեկտեմբերի 27-ին լրագրողներին հայտարարել է Հայաստանի Ֆինանսների նախարարության Բյուջեների կատարման հաշվետվությունների եւ վերլուծության վարչության պետ Գայանե Զարգարյանը:

Նա հիշեցրել է, որ 2011թ. 11 ամիսների ընթացքում Հայաստանի պետբյուջեի եկամուտները կազմել են 758,7  մլրդ դրամ  (շուրջ 2 մլրդ դոլար), ինչը կազմում է տարեկան նպատակային ցուցանիշի 89,7%-ը:

«Եկամուտների գանձումը նախանշված ծրագրով է ընթանում, եւ ժամանակացույցից շեղումներ չեն արձանագրվել: Հաշվի առնելով այդ գումարի ծավալը` չեմ կարծում, թե ինչ-որ մեկը կասկածներ ունենա, որ մենք կարող ենք դա հավաքել», - նշել է Զարգարյանը:

Հիշեցնենք, 2011թ. պետբյուջեի եկամուտների պլանը կազմում է 852,4 մլրդ դրամ (ընթացիկ փոխարժեքով` մոտ 2,24 մլրդ դոլար):  Դրանցից 56 մլրդ դրամը (շուրջ 147,4 մլն դոլար) կազմում են վարկային միջոցներն ու դրամաշնորհները: